Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայաստանը և «Հորիզոն 2020»-ը. եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներ և հորիզոններ

Դեկտեմբեր 27,2016 16:58

Օֆելյա Ամիրխանյան

Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)

կրթության հարցերով փորձագետ

 

Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի միջև հարաբերությունները սկսեցին զարգանալ 1990-ական թվականների սկզբից։ Դրանք շրջանակային պայմանագրի փուլ թևակոխեցին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող և այդ հարաբերությունների հիմքում ընկած հիմնական փաստաթղթով՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ)[1] (այն ստորագրվել է 1996թ., ուժի մեջ է մտել 1999թ.), որը քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում լայնածավալ համագործակցություն իրականացնելու հնարավորություն է տալիս:

Այնուհետև 2004թ. Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ, որով գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր: Դրանով Հայաստանին առաջարկվում էր քաղաքական, անվտանգության, տնտեսական և մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ:

ԵՀՔ-ն «Առաջարկված համատեղ առաջնահերթություններ համագործակցության համար» բաժնում գիտությունը դիտարկում է որպես «տնտեսական ու սոցիալական զարգացումն ապահովող բարեփոխում», տնտեսության զարգացման առաջնային ոլորտ. «Գիտությունը, հետազոտությունները և նորարարությունը վճռորոշ դեր են խաղում հարևանությունում որակյալ և կայուն աշխատատեղերի ստեղծման գործում, այնպես որ պետք է նպաստել տնտեսությունների արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը՝ ԵՄ նախաձեռնություններում հարևան պետությունների բարձր մասնակցության դյուրացման միջոցով: Նման նախաձեռնություններն են Ձեռնարկությունների Եվրոպայի ցանցը, Հորիզոն 2020 և COSME ԵՄ ծրագրերը»[2]:

2006թ. նոյեմբերին հաստատված ԵՀՔ-ի աշխատանքային գործիք հանդիսացող Գործողությունների ծրագրով (ԳԾ) համագործակցությունից դեպի առավել բարձր մակարդակի ինտեգրացիա նախատեսվեց: Այն կողմերի համար համագործակցության շրջանակներից դուրս առավել սերտ հարաբերություններ զարգացնելու նոր հնարավորություն էր:

«ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որում ուրվագծվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ռազմավարական նպատակները»[3]՝ օգնելով մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճին, աղքատության հաղթահարմանը, սոցիալական ներդաշնակեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը՝ ներդրում բերելով Հայաստանի կայուն զարգացման երկարաժամկետ նպատակին:

Գործընկերության նոր հեռանկարներ նախանշող փաստաթղթի «Ընդհանուր նպատակներ և գործողություններ» բաժնի մարդկային շփումների բնագավառում (4.7 կետ) ներառված են կրթության, վերապատրաստման ու երիտասարդության, առողջապահության, մշակույթի բնագավառները, որոնք պահանջում են՝ «բարեփոխել և արդիականացնել կրթական և վերապատրաստման համակարգերը՝ Եվրամիության չափանիշներին և պրակտիկային համապատասխանելու հայաստանյան ծրագրերի շրջանակներում» [4]:

Հայաստան-ԵՄ համագործակցության հիշատակված և այլ փաստաթղթերում ամրագրված դրույթների հիման վրա կազմված Հայաստանի զարգացման ռազմավարությունը կարևորում է կրթության ոլորտի հատուկ նշանակությունը երկրի կայուն զարգացման համար: Անցած տարիներին ընդունված/վերանայված և իրականացված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերը գոնե պաշտոնապես ճանաչել են կրթության դերն աղքատության հաղթահարման գործում՝ այն դիտարկելով որպես «սոցիալական պահանջմունք» ու աղքատության հաղթահարման միջոց. «Որակյալ կրթության ապահովումը և դրա մատչելիության բարձրացումը միջին և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից մեկն է: Բնագավառի հետագա զարգացումը դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն» (7.2.2. Կրթություն)[5]:

Դեռևս 2005թ. նախկին կրթական համակարգից անցում կատարելով Բոլոնյան կրթական համակարգին (այն նախատեսում էր մինչև 2010թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների առանձին ուղղությունների[6], և դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) մաս)՝ Հայաստանը դարձավ եվրոպական արժեքներով ընդհանուր կրթական միջավայրի մաս, որն ակտիվորեն ներգրավվել է բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ հետագայում հյուրընկալելով Բոլոնիայի քարտուղարությանն ու 2015թ. Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը:

Արժևորելով երևանյան համաժողովի նշանակությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է. «Առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա»[7]:

Միանալով Բոլոնյան գործընթացին և ցանկություն հայտնելով դառնալու եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս՝ Հայաստանը, ըստ էության, հայտարարեց Եվրոպային ավելի մոտ լինելու իր մտադրության մասին:

 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԸՆԴԱՌԱՋ

2013թ. ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Հայաստան-ԵՄ համագործակցությունը որոշակիորեն փակուղի էր մտել, քանի որ մինչ այդ կողմերը բավականին երկար (ավելի քան 3 տարի) ժամանակ բանակցություններ էին վարում Ասոցացման համաձայնագրի շուրջ, որն արդյունքում այդպես էլ չստորագրվեց: Այս անորոշության խորապատկերին ԵՄ ԱլԳ հաջորդ՝ 2015թ. մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած գագաթաժողովը գոնե մեծ նշանակություն ունեցավ մի քանի ոլորտներում՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու առումով:

Գագաթաժողովի ընթացքում կողմերը քննարկեցին վիզային ռեժիմի դյուրացման խնդիրները, Հայաստանի՝ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու ու դրա ընձեռած հնարավորությունները, և, վերջապես, «Հորիզոն 2020» ծրագրում հայկական կողմին ներգրավելու հեռանկարը, որը Հայաստանի համար լուրջ ձեռքբերումներից է: Ի թիվս այս բնագավառների՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցություն ամրագրվեց նաև կրթության և հետազոտության ոլորտում՝ հիմամբ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգացնելուն միտված «Հորիզոն 2020» ծրագրի:

ԵՄ-ի կարևոր գերակայություններից է Եվրոպան վերածել համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող հետազոտողների տարածաշրջանային կենտրոնի՝ դրա հիմքում դնելով ԵՄ հետազոտական քաղաքականությունը, որն ընդգրկում է մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածը:

«Հորիզոն 2020»-ը հետազոտություններին ու նորարարությանը նվիրված գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ շրջանակային ծրագիր է՝ նախատեսված 2014-2020թթ. համար՝ շուրջ 80 մլրդ եվրո ֆինանսավորմամբ: Այդ միջոցներն ունեն հստակ ուղղվածություն, քանի որ միավորելով նաև մասնավոր ներդրումները՝ փորձելու են կատարել նոր հայտնագործություններ, ինչպես նաև կապել լաբորատորիայում ծնված գաղափարներից մինչև շուկայում դրանց իրացումը շղթան: «Հորիզոն 2020» ֆինանսական գործիքն իրականացվում է «Ինովացիոն միության» և «Եվրոպա 2020» նախաձեռնությունների շրջանակում, որի վերջնական նպատակն է ապահովել ու բարձրացնել Եվրոպայի համաշխարհային մրցունակությունը: ««Հորիզոն 2020»-ը բաց է հասարակական և գիտական լայն շրջանակների համար: Այն նաև պարզ կառույց է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին կենտրոնանալ իսկապես կարևորություն ներկայացնող խնդիրների լուծման տարբերակների վրա՝ նոր ծրագրերը շատ արագ կյանքի կոչելու և նույնքան արագ էլ արդյունքներ ապահովելու համար: ԵՄ-ում իրականացվող այս ծրագիրը, կարելի է ասել, կստեղծի եվրոպական հետազոտական տարածք (ERA), որը կմիավորի և կմեղմացնի բոլոր խոչընդոտները, որոնք գոյություն ունեն գիտելիքների շուկայի, հետազոտությունների և նորարարությունների միջև»[8]:

2015թ. հոկ­տեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը թիվ 1255-Ա որոշմամբ[9] համաձայնություն է տվել Հայաստանի անդա­մակցության մասին համաձայնագրի կնքմանը: 2016թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից վավերացված և 2016թ. նոյեմբերի 12-ին ուժի մեջ մտած «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության մասին համաձայնագրով»[10] Հայաստանը պաշտոնապես միացավ այդ ծրագրին: Համաձայնագրի շնորհիվ ՀՀ գիտական կազմակերպությունները, բուհերը, ասպիրանտներն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել «Հորիզոն-2020» ծրագրով տարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև տարբեր նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին միացած գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

Վերջերս Երևանում մեկնարկած Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուրընկալումը մեր երկրի համար մեծ հեղինակություն  և բախտորոշ ժամանակահատված համարեց. «Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը ԵՄ «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավականին երկար և պատասխանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին»[11], և ապա, սրանով հանդերձ, նրա մեկ այլ դիտարկմամբ՝«Գնդակն արդեն հայ գիտնականների դաշտում է»[12]:

Ծրագրին Հայաստանի մասնակցությունը թիրախային խմբերին  հնարավորություն է տալիս մասնակցելու գիտության և տեխնիկայի առաջնային հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից, զարգացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, բարձրացնել գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ 2020»-Ի ՆԵՐՔՈ

«Հորիզոն 2020» ծրագիրը բաղկացած է 18 թեմատիկ բաժիններից[13], որոնց ընդհանուր հավելվածներով ներկայացվում են ընդունելության պայմանները, դիմելու չափանիշները, գործողության տիպերը, ընտրության և մրցանակների տրման չափանիշները:

«Հորիզոն 2020»-ի նախագծերն են` Գերազանց գիտությունը, Արդյունաբերական առաջնորդությունը և Հասարակական մարտահրավերները: «Գերազանց գիտություն» բաժինն ընդգրկում է Եվրոպական հետազոտական խորհուրդը, Ապագան և զարգացող տեխնոլոգիաները, Մարի Սկլոդովսկայա-Կյուրի գործողությունների ծրագիրը, Եվրոպական հետազոտական ենթակառուցվածքները, այդ թվում` էլեկտրոնային ենթակառուցվածքները: Սա բավականին լուրջ և ընդգրկուն բաղադրիչների համակարգ է՝ նախատեսված տարբեր հետազոտական խմբերի համար: Նախագիծն իրականում ուղղված է գիտակրթական համակարգում առկա փորձի փոխանակմանը:

Արդյունաբերական առաջնորդություն բաժնի նպատակն է արագացնել տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման գործընթացը, քանի որ վերջիններիս միջոցով է ամրապնդվում ապագայի բիզնեսը և աջակցվում եվրոպական նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսներին (ՓՄՁ)` թույլ տալով նրանց աճել և հայտնվել համաշխարհային առաջատար ընկերությունների կողքին:

Հասարակական մարտահրավերները հասարակությանը և քաղաքացիներին ուղղված հետազոտությունների, ինչպես նաև կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնություններին աջակցություն են:

Այսպես, ծրագիրը ներառում է բիո-արդյունաբերության, էներգիայի արդյունավետության, ծովերի և օվկիանոսների ներուժի ընդլայնման, մաքուր օդի, անվտանգ սննդի, հակաբիոտիկների նորարարության, ինչպես նաև հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի, արտաքին և սահմանային անվտանգության, հետազոտությունների ոլորտում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գենդերային հավասարության ու կանանց նորարարության, եվրոպական ինքնության ու մշակութային ժառանգության, Եվրոպան որպես համաշխարհային դերակատար տեսնելու և այլ թեմաներ:

Ծրագիրն աջակցվում է Եվրոպայի առաջնորդների և խորհրդարանի անդամների կողմից: Նրանք համոզված են. «Հետազոտություններն աշխատանքի և աճի համար խելացի, կայուն ներդրումներ են մեր ապագայում»[14]:

«Հորիզոն 2020»-ի աշխատանքային ծրագրերը պատրաստվում են Եվրոպական հանձնաժողովի կողմից, «Հորիզոն 2020»-ի օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև ռազմավարական ծրագրավորման ընթացակարգով` նախապատվություն տալով ԵՄ-ի քաղաքականության նպատակներին:

Ծրագրի Կանոնադրության մեջ կիրառվում են հետևյալ սահմանումները, որոնք նախանշում են հետազոտական և նորարարական գործողությունների տեսակներն ու առանցքները.

  • Հետազոտական և նորարարական գործողություններ, որոնք ընդգրկում են հետազոտական գործունեության ողջ շրջանակը, տեխնոլոգիական զարգացումը, ներկայացումը և նորարարությունը, ներառյալ համագործակցության խթանումը երրորդ երկրների և միջտարածաշրջանային կազմակերպությունների հետ, արդյունքների տարածումը և օպտիմիզացումը, Միության տարածքում հետազոտողների բարձրակարգ ուսուցանման ու շարժունակության խթանումը:
  • Ուղղակի գործողություններ, որոնք ենթադրում են հետազոտական և նորարարական գործողություններ, որոնք նախաձեռնվում են Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից (Joint Research Centre, JRC):
  • Ոչ ուղղակի գործողություններ, որոնք ենթադրում են հետազոտական և նորարարական գործողություններ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից և ձեռնարկվում՝ մասնակիցների կողմից:
  • Հանրային-մասնավոր գործընկերությունը մի գործընկերություն է, որտեղ մասնավոր հատվածի գործընկերները, ինչպիսիք հանրային հատվածի մարմիններն են, պարտավորվում են համատեղ աջակցել նորարարական և հետազոտական ծրագրերի կամ գործողությունների զարգացմանն ու իրականացմանը:
  • Հանրային-հանրային գործընկերություն մի գործընկերություն է, որտեղ մասնավոր հատվածի մարմինները կամ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային մակարդակներում հանրային ծառայության առաքելությամբ մարմինները Միության հետ պարտավորվում են համատեղ աջակցել նորարարական և հետազոտական ծրագրերի կամ գործողությունների զարգացմանն ու իրականացմանը:
  • Հետազոտական ենթակառուցվածքները նշանակում են հնարավորություններ, միջոցներ և ծառայություններ, որոնք հետազոտական համայնքի կողմից օգտագործվում են իրենց բնագավառներում հետազոտություն իրականացնելու համար: Հարկ եղած դեպքում դրանք օգտագործվում են հետազոտությունից դուրս, օրինակ, կրթական կամ հանրային ծառայությունների համար: Դրանք ներառում են խոշոր գիտական սարքավորումներն ու գործիքները, այնպիսի գիտելիքահեն պաշարներ, ինչպիսիք են հավաքածուները, պահոցները կամ գիտական տվյալները, այնպիսի էլեկտրոնային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են տվյալների և հաշվարկման համակարգերն ու հաղորդակցական ցանցերը և շատ այլ ինքնատիպ ենթակառուցվածքներ, որոնք կարևոր են հետազոտության և նորարարության մեջ գերազանցության հասնելու համար: Այդպիսի ենթակառուցվածքները կարող են լինել “մեկտեղված”, “վիրտուալ” կամ “բաշխված”:
  • Խելացի մասնագիտական ռազմավարություն, որն ունի նույն նշանակությունը, ինչ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 1303/2013 Կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետում տրված սահմանումը[15]:

Հորիզոն 2020-ին Հայաստանի անդամակցությունը ղեկավարվում է Հորիզոն-2020-ի Կանոնակարգով[16]: Ասոցացված երկրների իրավաբանական անձինք կարող են մասնակցել նույն պայմաններով, ինչ անդամ երկրները: 2016թ. նոյեմբերի 7-ի դրությամբ ծրագրին արդեն անդամակցած երկրներն են՝ Իսլանդիան, Նորվեգիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Թուրքիան, Իսրայելը, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆարերյան կղզիները, Ուկրաինան, Թունիսը, Վրաստանը և Հայաստանը[17]: Այսինքն ասոցացված երկրի կարգավիճակը Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, փոքր ու միջին ձեռնարկություններին և անհատ գիտնականներին  հնարավորություն կտա լիարժեքորեն օգտվել ծրագրի բոլոր հնարավորություններից ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս 16 երկրների կազմակերպությունների համար նախատեսված պայմաններով:

Մինչև այժմ Հայաստանը մասնակցել էր միայն երրորդ երկրների շարքում, այսինքն հայաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձինք չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, սակայն վերը հիշատակված համաձայնագրի շնորհիվ այսուհետ կկարողանան նախաձեռնել և նույնիսկ համակարգել Եվրոպական հետազոտական խորհրդի դրամաշնորհային ծրագրերը:

«Հորիզոն 2020»-ի շրջանակներում ֆինանսավորման ծավալները նախապես սահմանվել են ծրագրի նախագծերին ու ենթանախագծերին համապատասխան: 2013թ. նոյեմբերի դրությամբ ծրագրի բյուջեով գերազանց գիտությանը բաժին է ընկնում ընդհանուր ֆինանսավորման 31,73%-ը, արդյունաբերական առաջնորդությանը՝ 22,09%-ը, հասարակական մարտահրավերներին՝ 38,53%-ը:[18]

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը հատկացվում է միայն մրցութային հիմունքներով, և այդ մրցույթներին իրավունք ունեն մասնակցելու ԵՄ անդամ-պետությունները, ԵՄ անդամ-պետությունների իրավասության ներքո գտնվող 21 «անդրծովյան երկրները և տարածքները», «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրները (2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ դրանց քանակը 13 էր, իսկ 2016թ. հունվարի 1-ից դրանց է միացել նաև Հայաստանը), ևս 134 երկիր (2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հրավերի պայմաններով այս կամ այն երկրի մասնակցությունը բացառվում է:

«Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում կողմերին վերջերս հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ «Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է հաշվարկայինի 25 տոկոսի չափով։ Բացի այդ ձեռք է բերվել ևս մեկ պայմանավորվածություն. Հայաստանի մասնակցության առաջին երկու տարիների վարձավճարի 50 տոկոսը ֆինանսավորվելու է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից (մյուս տարիների համար պետք է վարվեն լրացուցիչ բանակցություններ)։ Այսպիսով, «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունն իրականացվում է Հայաստանի մասնակցության հաշվարկային պարտավորությունների 87,5 տոկոս զեղչի պայմաններում»[19]։ ԵՄ-ի ֆինանսական ներդրումների մասնաբաժնում դիմումների մեջ առաջնային տեղ են գրավում համալսարանները: Մասնավոր հատվածը համեմատաբար ավելի քիչ է:

Եվ, վերջապես, վերջին տարիներին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվում են նաև՝ Էբոլայի դեմ պայքարը, Ինչպես ավելի լավ հասկանալ Ատլանտիկան (Ատլանտյան օվկիանոսը խոշոր առևտրային ուղի է և պատասխանատու է Հյուսիսային Եվրոպայի մեղմ կլիմայի համար), Տեքստիլ արդյունաբերության մեջ կեղտաջրերի վերօգտագործման նոր հայեցակարգը, Հաջորդ սերնդի համար եթերային հիբրիդով օդային տրանսպորտային միջոցները, Բանախոսների համար ուլտրաձայնային UTOUCH նախագիծը (ինչպես ունենալ նույն  զգացողություններն առանց հպման), Գյուղատնտեսական թափոնների վերականգնվող փաթեթավորումը, Խելացի արտադրություն առցանց հարթակում, PD-Manager, Առողջության հարթակ Պարկինսոն հիվանդության համար, Ջրի ախտահանման նոր UV տեխնոլոգիա և այլ ծրագրեր:

Այսպիսով, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, առանձին տարածաշրջաններում նկատվող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական փոփոխությունները տարբեր երկրների ստիպում են վերանայել իրենց տնտեսական քաղաքականությունը, մշակել մրցակցային պայքարում հաղթող դուրս գալու ուժեղ ռազմավարություններ: Այս առումով կարևոր նշանակություն են ստանում և՛ պետական մարմինների կողմից նորարարության համակարգի ձևավորմանն ուղղված միջոցառումները, և՛ առանձին գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը, և՛ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները:

Ի շնորհիվ այս ամենի՝

  • Նորարարական «Հորիզոն-2020» ծրագիրը թույլ կտա հետ չմնալ միջազգային զարգացումներից, Հայաստանի տնտեսության մեջ ներդնել եվրոպական լավագույն փորձը, գիտելիքներն ու նորարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի համար սահմանված նվազագույն զեղչի պայմաններում:
  • Այն կնպաստի նաև աշխարհի լավագույն բուհերի միջև համագործակցությանը՝ այդպիսով փորձի փոխանակում կատարելու և գիտական հետազոտության ոլորտում լավագույն ներուժն օգտագործելու հնարավորություն ընձեռելով:
  • Այն կաջակցի աշխարհի լավագույն հետազոտական և նորարարական ծրագրերին` խթանելով աշխատատեղերն ու աճը և օգնելով լուծել ամենամեծ հասարակական մարտահրավերները ներկայիս ու 2020թ. միջև:
  • Ծրագիրն այնպիսի պայմաններ կապահովի, որը հնարավորություն կտա Եվրոպայում ստեղծել համաշխարհային մակարդակի գիտություն՝ վերացնելով նորարարությունների առջև գոյություն ունեցող արգելքները և հեշտացնելով տնտեսության պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը նորարարությունների ստեղծման ուղղությամբ, քանի որ միայն անհատների վրա հիմնվելով՝ գիտելիքահեն և ինովացիոն տնտեսության ստեղծումը բավականին դժվար խնդիր է:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագիր, https://www.mineconomy.am/uploades/Hamadzaynagir.pdf

[2] Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում, 18.11.2015թ., Բրյուսել, https://eeas.europa.eu/enp/documents/2015/151118_joint-communication_review-of-the-enp_hy.pdf

[3] ԵՄ-Հայաստան ԵՀՔ Գործողությունների ծրագիր, հայերեն՝ https://www.mineconomy.am/uploades/Gorcoxutyunneri_cragir.pdf, նաև անգլերեն՝ https://eeas.europa.eu/enp/pdf/pdf/action_plans/armenia_enp_ap_final_en.pdf

[4] Նույն տեղում:

[5] Հայաստանի Հանրապետության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին N 994-Ն որոշում, 8 օգոստոսի, 2003թ.,  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=44725

[6] Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում Եվրոպական Միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր, https://www.edu.am/DownloadFile/5170arm-Havelvac1-2.pdf

[7] Բոլոնիայի ֆորումին Երևան է ժամանել 20 երկրի նախարար, https://www.civilnet.am/news/2015/05/14/2015-ministerial-conference-fourth-bologna-policy-forum/270165

[8] Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Գիտական հոդվածների ժողովածու 6, Երևան, 2015թ., https://era.am/views/era//docments/merged6.pdf

[9] ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 1255-Ա որոշում, https://scs.am/files/voroshum-29.10.2015-1255-a.pdf

[10] Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին (2014-2020) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին միջազգային համաձայնագիր,

[11] Նախարար. Նոյեմբերի 12-ից հայ գիտնականները կարող են մասնակցել «Հորիզոն-2020»-ի բոլոր մրցույթներին, https://www.panarmenian.net/arm/news/225915/

[12] Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Հորիզոն 2020» ծրագրի հնարավորությունները հայ գիտնականների համար, https://www.armenpress.am/arm/news/848808/levon-mkrtchyany-nerkayacrec-horizon-2020-tsragri-hnaravorutyunnery.html

[13] Հորիզոն 2020-ի պաշտոնական կայքէջ,  https://ec.europa.eu/programmes/horizon2020/ [14]

Նույն տեղում:

[15] Regulation (EU) No 1291/2013 of the European Parliament and of the Council, of 11 December 2013, https://ec.europa.eu/research/participants/data/ref/h2020/legal_basis/fp/h2020-eu-establact_en.pdf

[16] Նույն տեղում:

[17] Associated Countries, https://ec.europa.eu/research/participants/data/ref/h2020/grants_manual/hi/3cpart/h2020-hi-list-ac_en.pdf

[18] Factsheet: Horizon 2020 budget, 25 November, 2013, https://ec.europa.eu/programmes/horizon2020/sites/horizon2020/files/Factsheet_budget_H2020_0.pdf

[19] Նոր հնարավորություններ հետազոտողների համար, «Հայաստանի Հանրապետություն», 25.02.2016թ., https://scs.am/files/HH-25.02.2016.pdf

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031