Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք աղմուկ հանում, ինչի՞ մեկը գրիչ չվերցրեց ու ասաց՝ ամոթ չե՞ք անում, ճի՛շտ է անում մեր նախարարը». Հրանուշ Հակոբյան

Դեկտեմբեր 27,2016 16:39

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփեց տարին: Aravot.am-ի հետ զրույցում նախարարը պատասխանեց այն քննադատություններին, որ հնչում են իր հասցեին:

Թե ինչու են իրեն թիրախավորում, անընդհատ հարց են բարձրացնում, թե ինչու է այսքան երկարակյաց այս նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Դուք քանի՞ տարի է լրագրող եք, բա ամոթ չի՞, այսքան երկար տարի կարելի՞ է լրագրող աշխատել»:

Մեր դիտարկմանը, որ լրագրող լինելը պաշտոն չի, դա կոչում է եւ պահանջում է 24-ժամյա նվիրված, տաժանակիր աշխատանք՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իմն էլ է տաժանակիր աշխատանք, ավելի տաժանակիր է: Դա եւս կոչում է: Մերը պաշտոն չի: Ես պաշտոն չեմ վայելում, ես առավոտից իրիկուն իմ երեխեքի հետ տառապում եմ, որպեսզի Կամչատկայից Ավստրալիա, Ավստրալիայից Լատինական Ամերիկա պատասխան տանք: Եթե մեկ հոգու փորձենք սխալ ընդունել, լավ չպատասխանել, ուշադիր չլինել, միանգամից պայթյուն կսկսի ձեր ասած համացանցերում: Իսկ մենք աշխատում ենք այդ բոլորը փակել, անել: Դուք չեք գտնի մի մարդ, որ մտնի նախարարություն, դուրս գա կռիվ սարքի: Նման բան չեք գտնի: Բայց ով չի մտել՝ կարող է սարքել, խոսել, ինչ ավելորդություն ասես դուրս տա մեր մասին: Բայց եթե նա մեր նախարարություն գա ու չբավարարվի, այդ դեպքում ես պատասխան կտամ»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իր գործը, ի տարբերություն մյուս բոլոր նախարարների, ավելի բարդ է. «Իմ կողքի նախարարը հրաման է տալիս կատարել ու թողնում գնում է, վերջացավ: Ես ո՞ւմ հանձնարարեմ, ես ի՞նչ իրավունք ունեմ հանձնարարեմ՝ սրան խնդրի, նրան խնդրի, նրան համոզի, նրանից ուզի, նրան ներգրավի: Իսկ լրագրողական աշխարհը փոխանակ ասի, թե ինչպես կարող է մարդը այսքան ճանապարհ անցնել, չկեղտոտվել, չկոռումպացվել եւ ընդունակություն ունենալ աշխատելու, սովորելու, նախաձեռնելու… Եթե ես մի հատ անկարող մեկը լինեի ու ասեին՝ ինչու է նա այստեղ, իհարկե, կարող էիք ասել: Բայց ո՞ր չափանիշն եք ընտրում հիմք, ընտրեք հիմքը, ես էլ ասեմ՝ քանի որ չեմ համապատասխանում այդ չափանիշին՝ գնամ: Քաղաքականությունը ամենաբարդ տեղն է: Կարո՞ղ եք ցույց տալ քաղաքականության մեջ մի կին, որ 22 տարի ինքն իր քրտինքով, ինքնուրույն, մենակ պատգամավոր լինի ու ընտրվի անընդհատ ժողովրդի կողմից: Ի՞նչ անեմ, գնամ ասեմ՝ մի՞ ընտրեք ինձ, ընտրում է ժողովուրդը՝ առանց փողի, առանց կաշառքի, առանց խաբեության, առանց այլանդակության: Փոխանակ ասեք՝ ինչ նախարար եք, գնում եմ նստում եմ մետրո, ասում եք՝ էս ինչի՞ նստեց մետրո: Ուրիշ ժամանակ ասում էիք՝ լսեք, ԱՄՆ-ում, Եվրոպայում բոլորը մետրոյով են գնում, հեծանիվներով են գնում, այս ինչ նախարարներ են, ես գրեթե ամիսը մեկ, երկու անգամ մետրոյով եմ գնում, որպեսզի իմ վարորդը հանգստանա, ի՞նչ անեմ: Բա ինչի՞ եք աղմուկ հանում, ինչի՞ մեկը գրիչ չվերցրեց ու ասաց՝ ամոթ չե՞ք անում, ճի՛շտ է անում մեր նախարարը, ինչո՞ւ մեկ-մեկ չեք հակադարձում այն ակնհայտ խայտառակ փաստերին, որ արվում է»:

Ըստ Հրանուշ Հակոբյանի, իր նախաձեռնած հատկապես մի քանի ծրագրերի շուրջ են ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացնում. «2-3 բանի մասին են խոսում՝ 1000 դոլարները…ակնհայտ ճշգրիտ ծրագիր, խելացի, պետությանս օգտակար, «Արի տուն» ծրագրի մասին են խոսում, ակնհայտ ճիշտ ծրագիր, որը աշխատեց, մետրո նստելը, որ խայտառակ, սարքած գործ էր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031