Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստալինյան բռնաճնշումներ Հայաստանում». «Հայերը դեպորտացիոն թիրախ են եղել»

Դեկտեմբեր 27,2016 16:13

«Մենք սկսեցինք որպես հասարակական կազմակերպություն, իսկ հիմա այս թեման ներառված է Հայաստանի ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետազոտությունների թեմաների շրջանակներում»,- դեկտեմբերի 27-ին «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց գրքի համահեղինակ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշեց, որ ինստիտուտի միջնորդությամբ դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, վերջիններիս միջնորդությամբ էլ՝ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությանը. «Եվ այս գծով աշխատում ենք Վրաստանի ազգային արխիվում եւ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության արխիվում՝ Վրաստանում բռնությունների ենթարկված հայերի հետ կապված առանձնահատկությունները, խնդիրները պարզելու»:

Գրքում քննարկվում են Խորհրդային Հայաստանում ստալինիզմի շրջանի քաղաքական բռնաճնշումների ուղղվածության, հասարակական շերտերի թիրախավորման, բռնաճնշումների պատճառների ու մեղավորության խնդիրների նկատմամբ հանրային գնահատականների, ընկալումների, բռնությունների դերակատարների ու զոհերի հուշարձանացման խնդիրները:

xaratyan-2

Հրանուշ Խառատյանը նկատեց, որ ստալինյան բռնաճնշումները ուսումնասիրելու հարցում ուշացել են եւ շատ նուրբ ու ոչ միանշանակ են այն աղբյուրները, որոնք օգտագործվում են նման հետազոտություններում. «Եթե միայն անդրադառնանք 1949 թվականի Հայաստանի հանրությանը համեմատաբար հայտնի հունիսի 14-ի աքսորին, որը հունիսի 14-ով չի սահմանափակվել՝ եղել է նաեւ աշնանը, այդ աքսորը ոչ միայն Հայաստանին էր վերաբերում, այլ նաեւ Ադրբեջանին, Վրաստանին եւ այսպես կոչված՝ Սեւծովյան ավազանի երկրներին, այստեղ ցանկ կա՝ թե ում պետք է աքսորել: Մեղադրանք չկա, կա ցանկ, դրա մեջ մտնում են Թուրքիայի քաղաքացիները, թուրքերը, որոնք քաղաքացիություն չունեն, նախկին թուրքահպատակները, ԽՍՀՄ քաղաքացիները, հույները եւ Դաշնակները իրենց ընտանիքներով: Ընդհանրապես ընդունված է եղել համարել, որ հայերին այս հրամանը վերաբերում է Դաշնակների մասով. էթնիկական անուն չկա»:

Ազգագրագետը ընդգծեց, որ իրենց տեղեկություններով, բազմաթիվ հայեր աքսորվել են որպես թուրքահպատակներ. «ԽՍՀՄ բռնաճնշումներում Հայաստանում եւ նաեւ Հայաստանից դուրս թիրախավորված էին մասնավորապես թուրքահայերը: Ես սրա պատճառները փորձում եմ տեսնել ռուս-թուրքական պայմանագրերում եւ հետագայում՝ ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերություններում: Ուզում եմ նաեւ ուշադրություն դարձնել, որ ամբողջ ԽՍՀՄ էթնիկական պատիժները Կովկասում հիմնականում ուղղված են եղել հայերի դեմ, որոնք դեպորտացիոն թիրախ են եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031