Aravot.am-ը Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարարի՝ ասուլիսում հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվում է, նրա հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց եւ կինոարտադրությունը համակարգվում է տնօրենների խորհրդի կողմից՝ ռոտացիոն ղեկավարման սկզբունքով:
«Երբ «Հայֆիլմը» վաճառվում էր, ես եւ Միքայել Ստամբոլցյանը խելագարի պես դիմադրում էինք, իսկ մնացածը կարծես համակերպվել էին, որովհետեւ իրենց խաբել էին, թե շատ ավելի լավ միջոցներ են առաջարկելու: Մենք հասկացանք, որ սա մի մեծ ավանտյուրա է տարբեր ոլորտներում, նույն ավանտյուրան կար նաեւ կինոյում: Ժամանակին հայկական կինոն կործանեցին: Եվ ես առաջարկեցի ստեղծել կինոկենտրոն, որի նպատակները եւ առաքելությունը հայտնի են … կինոկենտրոններ այլ երկրներում էլ կան, որոնց պետք է հետեւել: Իրենք չեն զբաղվում արտադրությամբ, այլ ընտրում են պրոյեկտները, ֆինանսավորում են, փորձում են ներկայացնել աշխարհին: Փոխվել է մտածողությունը՝ կինոյի կազմակերպման առումով: Ինչ վերաբերում է կինոկենտրոնին, այն բավականին գործ է արել, տեսեք 45 ֆիլմ է ներկայացրել ակադեմիային, իսկ եթե ինչ-ինչ փոփոխություններ կան, պետք է նստենք, մտածենք միասին»,-ասաց կինոռեժիսորը:
Հարություն Խաչատրյանի ձեւակերպմամբ, պետք է քննարկել խնդիրը եւ անպայման հետեւել միջազգային փորձին՝ մասնավորապես ուկրաինականին եւ վրացականին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է տնօրենների խորհրդին, նրա ձեւակերպմամբ, պետք է կազմն ամեն տարի փոփոխվի, որպեսզի չկարողանան իրենց ծանոթ-բարեկամներին ֆինանսավորել: Հարություն Խաչատրյանն ասում է, որ կինոակադեմիան անհանգստացած է կինոյի ճակատագրով եւ նախարարի հետ կինոակադեմիկներով պետք է հանդիպեն ու խոսեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ