Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հարկադիր կատարման ծառայությունն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերի ու Երևան քաղաքի՝ ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 152 երեխաների հանձնել է ամանորյա նվերներ, իսկ Երևանում և Գյումրիում տվյալ վարույթներով ներգրավված երեխաների համար կազմակերպել է տոնական միջոցառումներ:
Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում, ամանորյա տոնական ուրախ միջոցառմանը ներկա է եղել 3-10 տարեկան թվով 45 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթների հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանն, ով իր խոսքում նշել է. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Դուք եք մեր երկրի ապագան: Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ կյանքում իրականացնելու ձեր բոլոր երազանքներն ու նպատակները»:
Իսկ Ծառայության Շիրակի մարզային բաժնում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում թվով 23 երեխա ուրախ հանդեսից բացի Գյումրու պետական տիկնիկային թատրոնում դիտել է ներկայացում, որից հետո Շիրակի մարզային բաժնի պետի ժ/պ, արդարադատության մայոր Թ.Վարդանյանը երեխաներին է հանձնել Ծառայության կողմից պատրաստված նվերները:
Կարդացեք նաև
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ