Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Անահիտ» մրցանակաբաշխության դեպքում բաց քվեարկություն է լինելու» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 15:33

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: Այդ առիթով դեկտեմբերի 27-ին  «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ  ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամներ Դավիթ Մուրադյանը  եւ Անետա Երզնկյանը, ինչպես նաեւ կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը մանրամասներ ներկայացրին մրցանակաբաշխության վերաբերյալ:

anahit2 Ըստ կազմակերպիչների, մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

Հարություն Խաչատրյանը նշեց, որ  առաջին անգամ բաց քվեարկություն է լինելու ու բոլորը տեղեկանալու են, թե ով որ ֆիլմին է իր ձայնը տվել: Նրա ձեւակերպմամբ, այդպես ընտրությունն ավելի ազնիվ է ու ավելի օբյեկտիվ, բացառվում է ծանոթ-բարեկամներին հաղթողների ցանկում խցկելը:

Պարոն Խաչատրյանը հավելեց, որ  ակադեմիան բավականին լավ ֆիլմեր է «ջրի երես» հանել: «Կինոքննադատներից ամենաանողոքը՝ Միքայել Ստամբոլցյանը, որ երբեմն ինձ էլ է «հայհոյում», զարմացած էր, որ այսքան շատ լավ ֆիլմեր ունենք Հայաստանում»,-փաստեց կինոռեժիսորը:

Անետա Երզնկյանը կարեւորեց նման մրցանակաբաշխության անցկացումը:

Դավիթ Մուրադյանն էլ ասաց, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ կինոարտադրանք, որպեսզի սերուցքը երեւա:

Նրա խոսքով, նախկինում Հայաստանի ազգային կինոկենտրոնն էր «Հայակ» մրցանակաբաշխություն իրականացնում, հաղթող ֆիլմերը ընտրում էր կինոակադեմիան, որի առաջին նախագահն է եղել ինքը: Պարոն Մուրադյանի ձեւակերպմամբ. «Կինոն այն վերմակը չէ, որ ամեն մարդ իր վրա քաշի, կինոն ընդհանուր գործ է»:

Նա հույս հայտնեց, որ «Անահիտը» կդառնա ամենամյա եւ կբարձրացնի մասնագիտական պատասխանատվությունը կինո նկարահանողների մոտ:

«Անահիտ» մրցանակաբաշխության օրն էլ պատահական չի ընտրվել՝ դեկտեմբերի 28-ը Կինոյի համաշխարհային  օրն է: Դավիթ Մուրադյանի խոսքով, այդ օրը գնացքն առաջին անգամ արշավեց հանդիսատեսի վրա: «Դրանով նաեւ ակնարկում ենք, որ հայկական կինոն տեղային երեւույթ չէ, մենք համաշխարհային կինոյի օրգանիզմի մեջ ենք, բայց ունենք մեր կոնկրետ հասցեն»,-ասաց նա:

Րաֆֆի Մովսիսյանը  հայտնեց, որ առաջին մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 45 հայտ, որոնք ներկայացվել են 11 անվանակարգերի համար: 35 անդամների առաջին քվեարկության արդյունքում տարբեր անվանակարգերում առաջադրվել է 14 ֆիլմ, ամենաշատն առաջադրվել է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ 8 անվանակարգերում:

«Անահիտ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում, եթեր կհեռարձակվի հաջորդ օրը՝ 21:30-ին: Հարություն Խաչատրյանն ասում է, այդպես ավելի արդար է, հանրությունն էլ առաջինը կիմանա: «Թե չէ «Ոսկե ծիրանի» դեպքում էլ մտածում էին, որ մրցանակ ստանալը ծանոթով է, 13-րդ տարում վերջապես հասկացան, որ ամեն ինչ ազնիվ է ու օբյեկտիվ»,-ասաց նա:

Ընտրության չափանիշների մասին խոսելիս, Հարություն Խաչատրյանը նշեց, որ դիցուք Կոնչալովսկու ու Միխալկովի պարագայում կինոն դիտարկելու ուրիշ չափանիշ կա, իսկ հայկական կինոյի դեպքում լրիվ այլ է: Նրա խոսքով, գուցե ընտրվեն ֆիլմեր, որոնք  հնարավոր չլինի փառատոների ուղարկել, բայց դրանք այն ֆիլմերն են, որ ստեղծվել են այսօր եւ հայկական կինեմատոգրաֆի դիմագիծն են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031