ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին:
Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Կարդացեք նաև
շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ի դեմս այսօր այստեղ ներկա գտնվողներիդ, Արցախում, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների կիզակետում էին` քաղաքացիական ու մասնագիտական պարտքի բարձր գիտակցումով: Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը:
Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը թե քաղաքական եւ թե զուտ մարդկային առումով ստացվում է եւ արդյունավետ շարունակություն կունենա:
Հարգելի լրագրողներ, գալիք 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է: Համոզված եմ, որ ինչպես միշտ, մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս կարեւոր իրադարձության ընթացքում եւս հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսեւորի իրեն` առաջնորդվելով համապետական եւ համաժողովրդական շահերով:
Եվս մեկ անգամ շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը, «Հայմեդիա էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը, «Երկիր էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանը, «Արմինֆո» գործակալության խմբագիր Տաթեւիկ Շահունյանը, «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, «Շամշյան քոմ» լրատվական կայքի լրագրող Մարգարիտ Դավթյանը:
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք էյ էմ» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը, «Երեւան Թուդեյ» լրատվական կայքի լրագրող Իզաբելա Հովհաննիսյանը, «Պանորամա էյ էմ» լրատվական կայքի օպերատոր Վարդան Պողոսյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Աշոտ Գաբրելյանը, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ