Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկրկնելի տատիկը». Ֆրանսիայից ՀՀ եկած տատիկը Ջրաշեն գյուղում է ապրում ու իր թոշակով զինվորներին հագուստ առնում

Դեկտեմբեր 27,2016 15:15

Օրերս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կանխատեսում արեց , որ գները բարձրանում են, արտագաղթում է ավելի շատ արտադրող մասը եւ մնում է այն մասը, որը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դաշտում է: Նա ասաց, որ «եթե այսպես շարունակվի, դրսում Հրանուշ Հակոբյանը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, իսկ դուք կդառնաք թոշակառուների նախարար, ուրիշ բան այլեւս չի մնա»:

Այսօր սփյուռքի նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսում Aravot.am-ը Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց՝ Դուք նման ապագա տեսնո՞ւմ եք, որ վերջում մնալու եք միայն Դուք եւ Արտեմ Ասատրյանը: Նա պատասխանեց. «Ի վերջո ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, որ հակառակը խոսի, իշխանությունն էլ նրա համար է, որ աշխատի: Ինքը փորձել է պատկերավոր արտահայտություններ անել, բայց, կարծում եմ, շատ հոռետեսական է ասել: Այդպես չի կարող լինել: Իհարկե, սփյուռքը միշտ կմնա, այնպես չէ, որ սփյուռքը մի օր կավարտվի, բայց ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում գնալով ավելանում է վերադարձողների թիվը»:

Նախարարը պատմեց, որ վերջերս Ֆրանսիայից եկած մի տատիկի է ընդունել. «Ամեն օր իր թոշակը, իր հողը մշակում է, ամբողջ արդյունքը դարձնում է հագուստ եւ մեր միջոցով ուղարկում է զինվորներին: Անկրկնելի մի տատիկ է, որն ապրում է Ջրաշեն գյուղում: Եկել է Արմավիրի մարզ՝ Ֆրանսիայից: Մենք վերջերս ընդունեցինք Կանադայից վերադարձած մի ընտանիք՝ Շանթ անունով մի երիտասարդ իրականում շանթ էր՝ ակտիվ, հզոր, ասաց՝ եկել եմ իմ հայրենիք ու այլեւս չեմ հետ գնա»:

Հրանուշ Հակոբյանը պատմեց, թե ինչ են ասում սփյուռքից ՀՀ եկածները. «Ասում են՝ տիկին Հակոբյան, 50 տարի հայրենիք երգեցինք, հազիվ ձեռքներս է ընկել»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Անգլիայում ապրող մանկագիր Նունե Սարգսյանը Ղարաբաղի բարբառով հեքիաթներ է գրել եւ 2017-ին հազարավոր գրքեր են նվիրելու նախարարությանը, որ տարածեն ամբողջ սփյուռքում: Դա լինելու է 2017-ի լավագույն ծրագրերից մեկը՝ բարեգործական ակցիան:

Նախարարը նաեւ ասաց, որ պատրաստվում է զեկույց հրատարակել, «Հայերի վիճակն աշխարհում», որը հանրագիտարանային նյութ է. «Կարճ պատմություն կա, վիճակագրություն պրոբլեմների հավաքագրում եւ լուծումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031