Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, բայց արյան հետք չկա զգեստներին». Տիգրան Հայրապետյան

Դեկտեմբեր 27,2016 14:45

Անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր ներկայացրեց պաշտպանական ճառը:

«Մեղադրական կողմն ասում է՝ Գեղամ Խաչատրյանին ուղղված երկու հարված է եղել՝ մեկը ձեռքով, մյուսը՝ ոտքով: Եթե իրականում այս հարվածները ֆիքսված են եղել տեսագրությամբ, ապա կարիք չկար՝ տասներեք ոստիկանների կանչել ու նրանցից ցուցմունքներ վերցնել, եթե ըստ մեղադրական կողմի, հարվածները երեւում են տեսանյութով ինչու են վկաներ հարցաքննել»,- զարմացավ փաստաբանը:

Հետո նա թվարկեց քրեական գործում իր նկատած տարօրինակությունները. «Խաղաղ հավաքի տասնյակ մասնակից, վկաներ են հարցաքննվել նախաքննության ժամանակ, բայց նրանցից ոչ մեկին նախաքննական մարմինը վկա չէր հրավիրել դատարան, եթե ընդհանուր առմամբ քսանվեց հոգի հարցաքննվում են նախաքննության ժամանակ, տասներեքը ցուցմունք են տալիս Գեւորգի դեմ, տասնչորսը՝ Գեւորգի օգտին, ինչպես է ստացվում, որ Գեւորգի դեմ ցուցմունք տվողներին դատաքննության համար ներգրավել են որպես վկա, Գեւորգի օգտին ցուցմունք տվողներին՝ ոչ: Դատախազությունը եւ քննչական մարմիններն ակնհայտ կողմնակալ են եղել այս դատաքննության ընթացքում»:

Փաստաբանը անդրադարձավ նաեւ այս գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի մարմնական վնասվածքներին, թե ինչպես են վնասվածքներն արձանագրվել տեսանյութերով: Պարոն Հայրապետյանն ասաց, որ իրենց ներկայացրած տեսանյութերում ոչ մի տեղ չի երեւացել Գեղամի աչքի վնասվածքը, Գեղամի դեմքին որեւէ վնասվածք չկար, բայց մեղադրող կողմից մեկնաբանեցին, թե անարժանահավատ ապացույց է. «Իբրեւ թե մոնտաժված տեսագրություններ են, բայց չհայտարարվեց, որ կարողանայինք միջնորդություն ներկայացնել, որ համակարգչային փորձաքննություն նշանակվի՝ պարզելու՝ արդյոք մոնտաժված էր, թե՝ ոչ:

Կամ Գեղամ Խաչատրյանը դատաբժշկական փորձաքննության է գնացել, բայց որեւէ լուսանկար չկա, վիրահատություն է կատարել, կար է ստացել, փորձագետը չի նկարել, ինչով բացատրել, սա՞ էլ է պատահականություն, փորձագետը պարտավոր էր նկարել: Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, արյան հետք չկա զգեստներին, նկարներում, մեքենայի մեջ, որով տարել են, վիրակապի, բամբակի ու անձեռոցիկի վրա: Մինչդեռ ոստիկանները պետք է հոգ տանեին՝ ապացույցները պահպանելու ու դրանք քննության ներկայացնելու համար:

Գեղամը ստացել է բաց պատռվածք, բայց ոստիկան լինելով հանդերձ, չի՞ իմացել, որ գործում ապացույցներ պետք է լինեն, սա՞ էլ է պատահականություն»:

Փաստաբանը նկատեց, որ գործի շրջանակում հարցաքննված ոստիկանների ցուցմունքից պարզ դարձավ, որ քննչական մարմինը, մեղմ ասած, գործել է անբարեխիղճ. «Գործի շրջանակում վկա կար, որի ցուցմունքը գրել էին, ինքը ստորագրել է»:

Պարոն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ Գեղամ Խաչատրյանի ցուցմունքից մի հատվածի, թե տոնածառի հագուստով ակտիվիստ Հովհաննես Ղազարյանն ինքն իրեն սայթաքել ու ընկել է, իսկ ինքը մոտեցել է՝բարձրացնի. «Գեղամ Խաչատրյանը, փաստորեն, հետագայում հերքեց իր ասածը՝ասելով, թե շփոթվել է նման ցուցմունք տալիս, իսկ երբ տեղի ունեցածի տեսանյութը հայտնվեց, ցուցմունքները փոխվեցին թե ոստիկանների, թե Գեղամ Խաչատրյանի կողմից: Սկզբում ասում էին, թե չեն հարվածել քաղաքացիներին, տեսանյութի հայտնվելուց հետո ասացին, թե հարվածել են ինքնապաշտպանվելու համար: Ակնհայտ հակասություններ կան ցուցմունքներում»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց եկող տարվա հունվարի 16-ին ժամը 12-ին: Այդ օրը Գեւորգ Սաֆարյանը կներկայացնի իր պաշտպանական ճառը:

Դատական նիստից հետո նա լրագրողների հարցին, թե դատարանից արդարացման որոշման ակնկալիք ունի, պատասխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ մեղադրանքի, Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031