Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը: Նախարարը համառոտ ներկայացրեց 2016թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, նշեց, որ գերատեսչության գործունեությունը նպատակաուղղվել է գերակա ճանաչված խնդիրների լուծմանն ու նախատեսված ծրագրերի իրականացմանը:
«Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում» գերակա խնդրի լուծման ուղղությամբ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները, կազմակերպվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստ, «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական 6 ցուցահանդես-տոնավաճառ: 2016-2017թթ. ուստարում սիրիահայ 436 ուսանողների ուսման վարձավճարների 70%-ը վճարվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ, իսկ ծայրահեղ կարիքավոր սիրիահայ 25 ուսանողների ուսման վարձավճարների մնացած 30 տոկոսը փոխհատուցել է Հայ օգնության ֆոնդը: Կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հանգիստը տարբեր ճամբարներում, որոնց աջակցել են «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և Հայ օգնության ֆոնդը: Նոյեմբերին Դարբնիկ համայնքում «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ բուժանձնակազմի կողմից կատարվել է 45 սիրիահայ և իրաքահայ երեխաների ակնաբուժական և ատամնաբուժական բուժզննում: Բուժման կարիք ունեցողներն ուղեգրվել են «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ կլինիկաներ՝ անվճար բուժում ստանալու համար:
Կարևորվել են նաև սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ:
Նախարարը նշեց, որ «2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25 ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության վերոնշյալ բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ էր մասնակիցների թվով: Ասմունքի, Դուդուկի փառատոներին, Երգչախմբային արվեստի, Պարարվեստի օրերին մասնակցել է ՝ շուրջ 2000 մարդ աշխարհի 23 երկրից:
2016թ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել և անցկացվել է 8 Համահայկական համաժողով և գիտաժողով, որոնց թվում՝ «Հայաստան. ստեղծենք միասին» աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայազգի երիտասարդների առաջին հավաք, «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողով, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հիմնադրման 60-ամյակին նվիրված գիտաժողով, Լրագրողների համահայկական 8-րդ համաժողով, «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» համաժողով, Ավետիս Ահարոնյանի 150 ամյակի նվիրված միջազգային գիտաժողովը և այլն:
Նախարարը 2017թ հայտարարեց Արցախի տարի և նշեց, որ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում սկիզբ առավ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, որը լայն թափ է ստանում: Նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում բացվել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» բաժինը, ստեղծվել է ֆեյսբուքյան էջ՝ «What Are You Doing For Karabakh» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են շարժման շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներն ու ձեռնարկները:
Միջոցներ է ձեռնարկվել հանրային իրազեկման և հասարակության հետ հետադարձ կապի պատշաճ ապահովման համար, նախարարության կայքէջում տեղադրվում են ամփոփիչ տեղեկանքներ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:
Սփյուռքահայերին իրավական օգնության նպատակով https://www.mindiaspora.am կայքէջում բացվել է նոր պատուհան»:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ