Լրահոս
Օրվա լրահոսը

«ժամավաճառությամբ մի՛ զբաղվիր, զազրախոսությամբ մի՛ զբաղվիր». Հրանուշ Հակոբյանը՝ վարչապետի պահանջների մասին

Դեկտեմբեր 27,2016 13:55

Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ: Լրագրողների հարցին՝ նոր կառավարությունը ի՞ նչ նոր պահանջներ դրեց սփյուռքի նախարարության առջեւ՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ես սիրում եմ կոնկրետություն, պահանջկոտություն, պատասխանատվություն: Եթե գալիս ես, զբաղեցնում ես ինչ-որ պաշտոն, ցանկացած մեկս, պետք է իր գործը կատարի: Այսօր վարչապետը հենց դա է պահանջում՝ օրվա մեջ քո արդյունավետ աշխատանքը կատարիր, ժամավաճառությամբ մի՛ զբաղվիր, զազրախոսությամբ մի՛ զբաղվիր: Եթե դու պետական պաշտոնյա ես, կոչված ես այդ աշխատանքը կատարելու: Երկրորդը՝ արդյո՞ք աշխատանքդ արդյունք տալիս է, թե՞ չէ»:

Հարցին, որ սիրիահայերը դժգոհում են աշխատանք չունենալու հետ կապված՝ նախարարը պատասխանեց, որ ոչ այդքան աշխատանք չկա, որքան բարձր վարձատրվող աշխատանք: Իրենց երբ առաջարկվում է 500-600 դոլար աշխատավարձով աշխատանք, դժկամությամբ են ընդունում, ուզում են 1000 դոլարի, 2000 դոլարի:

Հարցին վիճակագրություն ունե՞ք, թե քանի սիրիահայեր են այստեղ ամուսնացել՝ նախարարը պատասխանեց. «Լիքը: Մոտ 110 հոգի մահացել են, 246 հոգի ծնվել են, եթե 246 հոգի ծնվել է, հաշվեք, որ առնվազն 150-ը այստեղ են ամուսնացել: Ժամանակին ընդունված ձեւ էր, Հալեպից, Լիբանանից գալիս էին, մեր աղջիկներին տանում էին, հիմա այստեղ են ամուսնանում: Սիրում են, որովհետեւ Հայաստանի աղջիկները շատ լավն են: Ես ձեզ ասեմ՝ մեր հարս գնացած աղջիկները մեզ ահագին օգնեցին, որովհետեւ երբ սիրիահայերը վերադարձան, նրանք իրենց տուն տարան ծնողական եւ ահագին հոգսերը թեթեւացան»:

Մեր հարցին՝ անընդհատ առաջարկություններ են հնչում, որ որոշ պատասխանատու պաշտոններ տան սփյուռքից եկածների, Դուք դրան կո՞ղմ եք, թե՞ դեմ՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մեր նախարարությունում 5-6 հոգի ա, որ սփյուռքահայ է, մեր վարչության պետերից մեկը սիրիահայ է: Որոշիչ պաշտոնները ՀՀ կառավարությունն է եւ պառլամենտը, երկուսում էլ արգելվում է սփյուռքահայի ներկայությունը: ՀՀ քաղաքացի լինի՝ իհարկե, այո: Նախարար չի կարող լինել օտարերկրացի, ո՞ւմ շահերը պաշտպանի: Եթե նա դառնում է ՀՀ քաղաքացի՝ ոչ մի խնդիր: Մենք նման փորձ ունենք. Վարդան Օսկանյանը դարձավ ՀՀ քաղաքացի եւ դարձավ ՀՀ արտգործնախարարը, Րաֆֆի Հովհաննիսյանը, էներգետիկայի նախարար ենք ունեցել, Լիպարիտյան ենք ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031