Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. Մեր վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալները ցույց են տալիս աննշան աճ. «Փաստ»

Դեկտեմբեր 27,2016 11:54

Հատված տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի հարցազրույցից:

– Տիկին Թադևոսյան, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսական տարին համենայն դեպս զրոյական ցուցանիշով չենք փակի։ Դա հուսադրո՞ղ իրավիճակ է, ըստ Ձեզ։

– Մեկ ամիս առաջ արդեն միջազգային կազմակերպությունները տվել են գնահատական, որ տնտեսության զրոյական աճ է լինելու։ Մեր վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալները ցույց են տալիս աննշան աճ։ Զրոյական աճի և այդ աննշան աճի միջև տարբերությունը մեծ չէ, որ դա քննարկման հարց դառնա հատկապես՝ էկոնոմիկայի նախարարության մակարդակով։ Իսկ մենք էլ աննշան աճի նրա հուսադրող մոտեցումը քննարկենք և ուրախանանք, որ տնտեսական աճը զրոյական չի լինելու։

Կարծում եմ, որ այդտեղ հսկայական բացթողումներ է ունեցել իշխանությունը, հատկապես՝ կառավարությունը։ Եվ տնտեսական աննշան աճի խնդիրը, իրոք, քննարկման առարկա է՝ անկախ նրանից զրո է, թե զրոյից բարձր է, ասենք՝ 2% է։ Ի՞նչ է տալու դա մեր տնտեսական վիճակի բարելավմանը։ Ո՛չ մի բան։ Ընդամենը թիվ է, որը պետք է գրվի։ Եվ եթե այն գրվի՝ ելնելով իրական գործընթացներից, թող իրենք ուրախանան աննշան այդ աճից։ Բայց այդ թիվը, որ իրենք գրելու են, չի բխելու իրական գործընթացներից, այն լինելու է պարզապես սովորական վիճակագրական նկարչություն։

– Այն, որ արդյունաբերությունն աճել է 6-7%-ով, աճ է գրանցվելու ծառայությունների և արտահանման ոլորտներում, չի՞ խոսում տնտեսության իրական հատվածի ակտիվության մասին։

– Արդյունաբերության մեջ որոշակի աճ գրանցվել է։ Այո, այդպես է։ Բայց գյուղատնտեսության ու ձկնարդյունաբերության ոլորտներում գրանցվել է 17% անկում։ Ուղղակի ներդրումները նվազել են 55,4%֊ով։ Իսկ արտահանումը, ճիշտ է, աճել է մոտ 20%-ով։ Ներմուծումն էլ անկում ունի։ Բայց ամեն դեպքում արտահանումը դեռևս կազմում է ներմուծման 55,4%-ը։ Դեռևս այն ծավալներով արտահանում չի իրականացվում, որպեսզի մեր վճարային հաշվեկշռի վիճակը բարելավվի։

Նաև մենք լավ գիտենք, թե արտահանումն ինչի հաշվին է աճում։ Աճում է, որովհետև մենք դարձել ենք «տրանզիտ» երկիր ինչ-որ իմաստով։ Երբ օտարերկրյա ապրանքները ներմուծվում են Հայաստան, քանի որ ուղիղ չեն կարող մտնել ռուսական շուկա, որոշակի տեսակավորման, փաթեթավորման և նման գործողությունների են ենթարկվում այստեղ, ապա արտահանվում են Ռուսաստան։ Եվ այդ ապրանքները երևում են մեր արտահանման ծավալներում։ Այնպես որ, դրանք մեր երկրում արտադրվող ապրանքներ չեն։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031