Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խնդիրը երկվությունն է

Դեկտեմբեր 27,2016 10:06

Ես չեմ հասկանում, երբ մարդիկ օգտագործում են ցանկացած առիթ՝ իրենց «չսիրած» քաղաքական գործչի մասին ինչ-որ վատ բան ասելու համար: Օրինակ՝ կիրակի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարը լավագույն պատրվակը չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խարազանելու համար: Տեղի է ունեցել ողբերգություն՝ նման բան կարող էր պատահել ամերիկյան, ֆրանսիական կամ ճապոնական ինքնաթիռի հետ: Չարախնդալը, քաղաքական եւ բարոյական հեռու գնացող հետեւություններ անելը, ինձ թվում է, սխալ է: Պետք է կարեկցել՝ կիսել մարդկանց ցավը՝ եւ վերջ:

Որքան շատ եմ մտածում, այնքան համոզվում եմ՝ եթե նպատակը, քարոզչական կամ անձնական խնդիրներից ելնելով, «քլնգելն է», ապա բացի քո եւ քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որեւէ արդյունք չի տալիս: Ավելի արդյունավետ է փորձել հասկանալ այն սկզբունքային սխալները, որոնք գործում են այս կամ այն պետության պատասխանատուները: Ամեն ինչ գալիս է այդ սխալից, մնացածը՝ հանցագործությունները, կամայականությունները, աղետները, ածանցյալ են:

Ինձ թվում է՝ Պուտինի եւ Էրդողանի սխալը երկվության մեջ է: Նրանք ուզում են ունենալ ժամանակակից պետություններ. խելացի մարդ լինելով՝ այդ ղեկավարները հասկանում են, որ 21-րդ դարում այլ կերպ հնարավոր չէ՝ «կսկես»: Բայց, մյուս կողմից, այդ միանգամայն բնականոն ցանկությունն ուղեկցվում է կայսերական «ֆանտոմային ցավերով» եւ կարծր ավտորիտար ռեժիմ հաստատելու վճռականությամբ: Այդ հակասությունն է պատճառը, որ, ի հեճուկս տասնյակ հազարավոր ձերբակալվածների, Թուրքիայում իրավիճակը, միեւնույն է, անկայուն է: Ռուսաստանում նույնպես, կարծում եմ, ցնցումներ կլինեն (ինչը մեզ ամենեւին ձեռնտու չէ), եթե այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսը հետեւողական չդառնա:

Էրդողանը մի կողմից՝ հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու, մյուս կողմից՝ ասում է, որ Օսմանյան կայսրության բոլոր նախկին տարածքները (Սիրիան, Հունաստանը, Բուլղարիան) իրենն են: Մի կողմից՝ ասում է, որ պայքար է մղում Ասադի ռեժիմի դեմ եւ բացահայտորեն աջակցում այդ զինված պայքարը մղող խմբավորումներին, բայց երբ այդ պայքարի գաղափարները կրող երիտասարդը սպանում է Ռուսաստանի դեսպանին, հայտարարում է, որ երիտասարդը գյուլենական էր եւ ցանկանում էր իրեն կռվացնել Ռուսաստանի հետ: Իրականում երիտասարդը «էրդողանական էր», ոչ թե գյուլենական:

Պուտինը մի կողմից՝ իր երկրի ամենահարուստ մարդկանցից է, նրա շրջապատը, թիմակիցները աշխարհով մեկ ունեն զբոսանավեր, պալատներ, շրջագայում են բացառապես «բիզնես-կլասով», կապում են ֆանտաստիկ գների ժամացույցներ, նրանց երեխաների մեծ մասն ապրում է Արեւմուտքում, բայց մյուս կողմից՝ որպես իդեալ մատուցվում է ստալինյան ասկետիզմը, մեկ գողացած մեխի համար գնդակահարելը, հանուն հայրենիքի զրկանքների գնալը, իսկ ռուսական «հոգեւոր արժեքները» հակադրվում են «փչացած Արեւմուտքին»: Չքավոր ժողովուրդն առայժմ գուցե հավատում է այդ հեքիաթներին, ուրախանում, որ «Ղրիմն իրենցն է», բայց դա, ինձ թվում է, երկար չի տեւի:
Նշված լիդերների մոտ նման երկվության, անհետեւողականության դրսեւորումները բազմաթիվ են: Վերջը պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Յօդուածին մէջ ամէն ինչ շատ յստակ ըսուած է-աւելցնելիք բան չկայ:

  2. Armen says:

    Հարգելի Արամ, Դուք մի կողմից քլնգում եք Պուտինին մյուս կողմից քննադատում մյուսների ն , ովքեր չսիրված ինչոր ղեկավարի է քո ասածով քլնկում :

  3. Armen says:

    Հետո մի մեծ սխալ, Էրդողանի ն ու Պուտինին նման ցանում եք, որը մեծ սխալ է կամ արևմտյան ինչոր ապուշ լրագրողի ֆանտազիա:

  4. Armen says:

    Հարգելի Արամ, ինչու եք Պուտինին քլնգում? Որն է այդտեղ ձեր անձնական նպատակը/շահը կամ պրոպագանդան?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031