Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ մտածել եմ, որ այդ կեցվածքով քայլել են սպարապետները». Շիրակի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Դեկտեմբեր 26,2016 23:22

Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ն քննարկե՞ց, պարզե՞ց Գյումրու ու մի քանի համայնքների ՏԻՄ ընտրություններում պարտվելու պատճառը, պատրա՞ստ է արդյոք Շիրակի մարզից բավարար ձայներ հավաքել նոր խորհրդարան մտնելու համար:

«Հաղթող էլի է եղել Դաշնակցությունը, ի՞նչ առումով, որովհետև ձայներ գնելու որևէ մեկ միջոց չի եղել, Դաշնակցությունը իր ժողովրդին պահել է բարձրության վրա: Ես գտնում եմ, որ չկա մեկը, որ գա ու այս պայմաններում Դաշնակցության տարած ձայների 50 տոկոսը տանի: Վստահ կարող եմ ասել, որ Դաշնակցությունը հաղթել է, Դաշնակցությունը չի կարող երբևիցե պարտվել: Կամ Դաշնակցությունը հո սեփական ժողովրդի դեմ պատերազմի դուրս չէ՞ր եկել, որ հաղթեր կամ պարտվեր: Դաշնակցությունը իր սեփական տեսակետը ներկայացրեց , ասեց՝ գիտես ինչ ունեմ այս մարդիկ, ուզում եմ սա անել, ընտրեցիք, կգամ, կանեմ, չե՞ք ուզում, Աստված ձեզ հետ:

Որևէ կուսակցություն չի կարող սեփական ժողովրդի հետ պատերազմի մեջ մտնել: Մենք պիտի ունենաք արժանապատվություն ունեցող, հայրենիքը սիրող, ըմբոստ ժողովուրդ, որոնք կկարողանան ունենալ այն քաղաքը, այն երկիրը, որ մենք երազում ենք: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, ես չեմ ուզում համեմատություններ տանել այս երկու ընտրությունների միջև, որովհետև դրանք որակական առումով չենք կարող համեմատել, հավատացեք սրանք տարբեր ընտրություններ են, բայց որ Շիրակի մարզը, ես միջազգային տերմինով եմ ուզում ասել այդ բառը, ունի սյուրպրիզներ մատուցելու ընդունակություն, ու մենք՝ բոլորս, իրոք, մտածելու խնդիր ունենք, դա փաստ է:

Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ելնելով ՏԻՄ ընտրությունների ձևաչափից, արդյունքներից, իր համար պետք է ճիշտ ռազմավարություն ընտրի: Բայց ասում եմ՝ դա չպիտի լինի հիմնված սեփական ժողովրդին ապուշացնելու, հիմարացնելու, կաշառելու, կաշառակեր դարձնելու ձևով քվեներ բերելու: Ես մտածում եմ, որ այդ ռազմավարությունը պետք է ուղղված հասկացնելուն, հզոր քաղաքացու կերպար ունենալուն, հայրենիքը սիրող մարդու կերպար ունենալուն, այդպես պետք է ընտրությունը կազմակերպվի:

Եթե մենք այդ ճանապարհով չգնանք, հավատացեք, մենք շատ հարցերում չենք հաջողելու: Եթե մեկը մտածի, որ նսեմացնելով սեփական ժողովրդին, դարձնելով կաշառակեր, խաբեբա… Մենք ի՞նչ ենք անում էսօր, ով մտնում է, ասում են՝ հա, ախպեր ջան, քեզ եմ տալու ձայնս, դու մի ձայն ունես, ո՞նց կարող ես բոլորին տալ, որովհետև մարդը կամ դարձել է անբարո կամ վախենում է, թե կարող է խնդիրներ ունենալ, եթե ճշմարտությունն ասի կամ իր համար սովորական ապրելակերպ է դարձել՝ ասի ու չանի, ասի ու խաբի..Մենք քանի դեռ չենք հասկացել, որ պետք է վերջ դրվի դրան… Դա արդեն մեր ընտանիքների մեջ է մտել, մենք ընտանիքում նայում են իրար երեսի ու խաբում ենք իրար արդեն, դարձել է կենսակերպ», -ասաց Շիրակի մարզպետը:

Նա մեզ հետ ունեցած զրույցում անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցին՝ նեղվելով, որ գյումրեցիները ուզվորներ չեն ու աղքատ ժողովրդի դիմացից ոչ թե պետք է այդպես հպարտ քայլել, այլ պիտի գնալ գլխիկոր, որ մարդիկ նման վիճակում են: Մարզպետի համոզմամբ, այդ օրը ժողովրդի դիմացից քայլում էին այն մարդիկ, որոնք պաշտոններ էին զբաղեցնում, ու խնդիրը պետք է լուծած լինեին:

«Ես կուզենայի՝ բոլոր քաղաքական ուժերը գոնե 2017 թվականին հասկանան, որ պետք է սիրել հայրենիքը, սիրել սեփական ժողովրդին ու մի գեղեցիկ օր, երբ որ էդ ժողովրդի առջեւից գնաս իբրեւ առաջնորդ, հասկանաս, թե հետեւիցդ ովքեր են գալիս ու դու հպարտ քայլես, այլ ոչ թե մի ամբոխ հետեւիցդ գցես, վարկաբեկես մեր մարզը, քո հայրենիքը, ու դրանով պարծենաս, որ մեծ բան ես անում հա՞, որ դիմացից գնում ես: Ես միշտ մտածել եմ, որ այդ կեցվածքով գնացել են սպարապետները, երբ որ հաղթող զորք են ունեցել: Երբ նայեցի, մտածեցի կարո՞ղ է սխալվել եմ, ճիշտ ժամանակահատվածում չեմ ընկել, էլի… Սիրելի լրատվամիջոցներ, ես նաեւ Ձեզ եմ հորդորելու, եթե այդ լուրը բերելու է ոչ ճիշտ դաստիարակության, մի հրապարկեք: Երբ որ որեւէ մեկ պատգամավորի կամ պաշտոնյայի համախմբված բլոկադա եք անում, ես կառաջարկեի այս տիպի բաները, որոնք որ վարկաբեկում են մեր քաղաքը, մեր մարզը, բլոկադայի ենթարկեք»,- հորդորեց Շիրակի մարզպետը:

Մենք Հովսեփ Սիմոնյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե իր անունը ԱԺ ընտրություններում՝ որպես թեկնածու, լինելո՞ւ է ՀՅԴ ցուցակում: «Ոչ, չի լինելու, ես պետական պաշտոնյա եմ, ունեմ իմ գործառույթներն, աշխատելու եմ, իմ համար նախատեսված է աշխատանք, որը պիտի իրականացնեմ: Նույն մարդը չի կարող բոլոր տեղերում լինել պահանջված, եթե ես այսօր գործադիր մարմնում աշխատում եմ, ու կուսակցությունը գտել է, որ ես գործադիրում շատ ավելին կարող եմ անել, քան օրենսդիրում, չեմ գտնում, որ բոլոր տեղերում ճիշտ կլինի նույն անձի հայտնվելը»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Մեր դիտարկմանը, թե նոր կառավարություն է ձեւավորվում, եթե ստացվի այնպես, որ այդ ընթացքում մարզպետների փոփոխություններ լինեն, ի՞նչ եք անելու, Շիրակի մարզպետը կատակեց. «Եթե էդպես գցում ես, ինչի՞ լավ տեղից չես բռնում, որ կարող է գնամ նախարար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Ընկերը վտանգն զգացել է: Փիլիսոփա մտքերովդ ժողովրդին չվիրավորես: Խորհուրդ կտայի Դաշնակցությանը առաջադրելու ընկերոջը ռեյտինգային ցուցակով և պարզ կլիներ սրա կառավարման ընթացքում Դաշնակցության կուսակցությանը հասցրած վնասի չափը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031