«Շրեկ», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտիկը» և բազմաթիվ այլ մուլտֆիլմերի մեղեդիներ դեկտեմբերի 26-ին ներկայացվեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից։
Նվագախումբը դեկտեմբերի 19-ին Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիայի ներկայացմամբ պետք է ամփոփեր 2016 թվականը, սակայն հաշվի առնելով հանդիսատեսի խնդրանքը, հատկապես երեխաների բազմաթիվ նամակները՝ որոշվել է հանդես գալ Cartoon Non-Stop համերգային ծրագրով։
Հանդիսատեսին անակնկալ էր սպասվում համերգից առաջ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում շրջում էին հեքիաթների հերոսներ, որոնք հանելուկներով, խաղերով ավելի հիշարժան էին դարձնում երեխաների օրը։
Կարդացեք նաև
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգն ուղեկցվում էր մեծ էկրանին մուլտֆիլմերից կադրերի ցուցադրմամբ, ինչպես նաև լուսային էֆեկտներով։
Անին 11 տարեկան է, արդեն 2-րդ անգամ է Cartoon Non-Stop համերգային ծրագիրն ունկնդրում։ Ասում է, որ իր համար շատ հետաքրքիր է այս ձևաչափով հեքիաթներին մասնակից դառնալ։ «Երբ հեռուստացույցով դիտում ես մուլտֆիլմը, երաժշտությանն այնքան էլ ուշադրություն չես դարձնում։ Իսկ այսպես՝ նվագախմբի կատարմամբ զգում ես, թե ինչ գեղեցիկ երաժշտություն է հնչում»,- ասում է 11-ամյա Անին։
Կարինե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ