Ադրբեջանում անցնող տարվա պետբյուջեն, այդ թվում՝ նաև ռազմականը վերահաշվարկվել է 2 անգամ՝ 2015 թ. վերջին և 2016 թ. փետրվարին՝ կապված նավթի գնի կտրուկ անկման հետ: 2017 թ. համար քննարկվող նախագիծը ևս երկու անգամ արդեն վերանայվել է, սակայն վերջնական տարբերակը դեռ չի հաստատվել: Նախագծով՝ նախորդ տարիների համեմատ, կտրուկ ավելացվում են ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարները:
Ադրբեջանի խորհրդարանում դեռևս քննարկվում է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 2.642 մլրդ մանաթ (~1.473 մլրդ դոլար՝ դեկտեմբերի 26-ի փոխարժեքով), ինչը ընթացիկ տարվա բյուջեից ավել է մոտ 413 մլն մանաթով (~43 մլն դոլար*):
* Հաշվարկվել է ընթացիկ տարվա բյուջեն ընդունման օրվա (05.03.16 թ.) դոլարային փոխարժեքով և 2017 թ. բյուջեի նախագծով՝ 26.12.2016 թ. դոլարային փոխարժեքով հատկացումների տարբերությունը: Ըստ այդմ՝ նույնիսկ մանաթով 413 մլն մանաթ աճելու պարագայում՝ մանաթի արժեզրկման հետևանքով դոլարային փոխարժեքով տարբերությունը անհամեմատ ցածր է:
Չնայած որ պաշտպանական ոլորտին հատկացվող ընդհանուր բյուջեում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն ենթակետային հատկացումներում զգալի տեղաշարժեր են եղել: Մասնավորապես՝ շուրջ 845 մլն մանաթով նվազում է «պաշտպանական ուժեր» ենթակետով հատկացվող գումարը: Դրա հաշվին շուրջ 1 մլրդ 225 մլն մանաթով (~700 մլն դոլար) ավելանում են «այլ ծախսեր» ենթակետով հատկացումները՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) համար։ Անկախության տարիներին այդ ենթակետով հատկացումները երբևէ չեն գերազանցել մի քանի միլիոն դոլարը։
Կարդացեք նաև
Ընդ որում նման վերաբաշխումը կատարվել է 2016 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերին ներկայացվել էր ռազմական բյուջեի բավականին փոքր ծավալով տարբերակ, որը շուրջ 27,5 %-ով պակաս էր ընթացիկ բյուջեից: Սակայն արդեն նոյեմբերին ռազմական բյուջեն ավելացվեց՝ մեծամասամբ ի հաշիվ կրթության, սոցապահովման, մշակույթի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմիֆո»-ի կայքում: