Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկվի ՀԱՊԿ խորհրդի հաջորդ նիստին՝ ապրիլին: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հիշեցնենք, այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող ՀԱՊԿ խորհրդի նիստին չի մասնակցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը:
«Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ լիարժեք կերպով կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այն այսօր չի քննարկվել քվորումի բացակայության պատճառով: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ-պետություններից մեկի պատվիրակությունը այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում»,- ասել է Բորդյուժան:
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը նախատեսվում էր քննարկել դեռ 2016թ. հոկտեմբերին՝ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում, սակայն այդ ժամանակ հետաձգվեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով:
Կարդացեք նաև
Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2003թ.-ից: 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին որոշվեց նրա լիազորությունների ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հունվարի 1-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ