Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում նշելու են ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը եւ հրապարակվելու են տուժածների տվյալները

Դեկտեմբեր 26,2016 21:21

Արխիվին դիմում են նրանք, ովքեր թոշակի են գնում: Առանց արխիվային տեղեկանքի՝ թոշակ չեն ստանում, իրենց տեղեկանք է պետք: Բայց քաղաքացին այսուհետեւ 2 անգամ Ազգային արխիվ գնալ-գալու այդ հոգսից ազատվում է: Քաղաքացին դիմելու է կենսաթոշակ նշանակող մարմին, նրանք էլեկտրոնային հարցում են կատարելու, էլեկտրոնային պատասխան են ստանալու:

Այս այդ մասին «Հայելի» ակումբում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ըստ նրա, տեխնիկայի այս դարում արխիվը եւս իր աշխատանքը պետք է համապատասխանեցնի այսօրվա պահանջներին:

Նա ասաց, որ առաջիկայում իրենք շատ կարեւոր երկու միջոցառումներ ունեն, որոնք կազմակերպելու են 2017-ի եւ 2018-ին. «Նշելու ենք արխիվային փաստաթղթերով ռուսական երկու հեղափոխությունների հարյուրամյակները, որոնք մեր ժողովրդի կյանքում լավ թե վատ ունեցել են մեծ ազդեցություն: Ինչ-որ տեղ շատ վատ՝ ռուսական զորքերը կովկասյան ճակատից գնացին, հայկական փոքրաթիվ բանակը մնաց թուրքերի դեմ պետք է նշենք, 2018-ը մայիսյան հերոսամարտերի եւ ՀՀ կայացման հարյուրամյակն է, որին մենք այսօրվանից նախապատրաստվում ենք»:

Ամատունի Վիրաբյանն ասաց, որ իրենց աշխատանքներում ոչ միայն հայաստանյան արխիվային նյութեր են ընդգրկելու, այլեւ՝ Վրաստանից, ՌԴ-ից:

Նրա խոսքերով՝ «7 թիվը ինձ միշտ հիշեցնում է 37 թվականը, երբ մեր մշակույթը, մեր մտավորականությունը գլխատվեց: Դա 1937 թվականն էր՝ ստալինյան բռնաճնշումների 80 ամյակն է լրանում, եւ մենք դա եւս պետք է նշենք: Մենք պատրաստվում ենք այսօր արդեն այս տարի, եթե հասցնենք, մեր կայքում դնելու ենք այն բոլոր քաղաքացիների անուն-ազգանունները, ծննդյան թվականները, վայրը, զբաղեցրած պաշտոնը, տեղեկություններ մարդկանց մասին, որոնք բռնության են ենթարկվել իրենց հայացքների համար 1921-1957 թվականներին: Մինչեւ 57 թիվն ենք վերցրել, որովհետեւ դրանից հետո դեռ արխիվները մեզ հանձնված չեն: Խոսքը մոտավորապես 50 հազարից ավելի մարդու մասին է: Մարդիկ կան, որ ընտանիքով 2 անգամ եղել են աքսորի: Այդ բոլորի անունները այբբենական կարգով լինելու են: Քանի որ բռնաճնշումների հետ կապված բոլոր փաստաթղթերը ռուսերեն լեզվով են, մենք այդ ցանկը կազմել ենք ռուսերենով: Հետո հայերենով կկազմենք: Մենք առաջինը կլինենք նախկին խորհրդային հանրապետությունների, որ այսպիսի մեծ մասշտաբային ծրագիր է իրականացրել»:

Ամատունի Վիրաբյանը հիշեցրեց, որ արխիվը միայն քաղաքացիներին պատասխանելու համար չի, գիտական-մշակութային կառույց է. «Այս տարի մենք նոր հրատարակություն չենք ունեցել, բայց 2017-ին մոտ 10 արխիվային փաստաթղթերի համար մրցույթ է հայտարարվելու, որ տպագրվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031