Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը արդարանում է, թե ինչու է ՀՅԴ-ն համագործակցել ՀՀԿ-ի հետ. «Մենք երբեք չէինք գնա համագործակցության»

Դեկտեմբեր 26,2016 20:08

Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ամփոփելով տարին, ասաց. «2016-ը մեզ համար նոր սկզբի հնարավորություն է: Նախ, 2016-ը սկսեցինք կառավարման նոր համակարգով՝ նոր Սահմանադրությամբ, ինչը իրական համակարգային փոփոխություն է: Երբ մարդիկ խոսում են համակարգային փոփոխությունների մասին, պետք է նկատի ունենան հենց առաջին համակարգային լուրջ փոփոխությունը: 2016-ին համակարգային փոփոխություն էր նաեւ «Ընտրական օրենսգրքի» առումով»:

Աղվան Վարդանյանն ասաց՝ պատահական չէ, որ 2017-ի ընտրություններին բոլորը ցանկանում են մասնակցել, բոլորը ցանկանում են միավորումներ ստեղծել՝ գիտակցելով-չգիտակցելով, ընդունելով-չընդունելով՝ մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ՀՀ-ում ընտրություններով բան փոխել:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ այդ երկու համակարգային փոփոխություններում ՀՅԴ-ի դերակատարությունն էական է: Նա ասաց, որ երկուսն էլ ՀՅԴ-ի տասնամյակների հետեւողական աշխատանքի արդյունքում էր, որ հնարավոր դարձավ:

Աղվան Վարդանյանը, խոսելով ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին՝ ասաց. «Շատերը մեզ փորձում են մեղադրել, փորձում են սրա մեջ տեսնել այլ ենթատեքստը, բայց մի բանում համոզված եղեք, եթե մենք վստահ չլինեինք, որ առաջադրում ենք այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրում իրականացնել, մենք երբեք չէինք գնա համագործակցության: Համագործակցության հիմքում այդ խնդիրներն են»: Նա ասաց, որ նոր կառավարության ծրագրի հիմքում հենց դրված են ՀՀԿ-ի հետ իրենց համաձայնագրում արձանագրված խնդիրները:

Ամփոփելով տարին՝ Աղվան Վարդանյանը անդրադարձավ հուլիսյան դեպքերին: Նա ասաց, որ եթե ապրիլյան պատերազմը շատերի համար անսպասելի եւս մեկ անգամ վկայեց մեր ազգային համախմբվածությունը, հայրենիքը պաշտպանելու կամքը, բայց աշխարհի եւ մեր հարեւանի համար իրոք անակնկալ էր մեր՝ նման դիմակայությունը. «Մինչեւ ամառ, ցավոք, չկարողացանք մենք կուտակված էներգիան ավելի ճիշտ գնահատել եւ ուղղորդել»:

Նա հիշեցրեց, որ իրենք դատապարտել են զենքով հարցեր լուծելը, ընդ որում, դա արել են առաջինը. «Որքան էլ անկեղծ կամ հուսահատ լիներ այդ քայլը, ինչ-որ առումով ուղղորդված կամ ոչ, նաեւ նկատի ունեմ դրսի ուժերին, բայց դա դարձավ մեր ապրիլյան համախմբվածությունը ջարդելու առիթ»:

Նա ասաց, որ 2016-ը ՀՅԴ-ի համար հաջող տարի է եղել եւ նոր սկզբի հնարավորություն: Մայիսից մինչեւ հիմա ՀՅԴ-ի շարքերն են անցել մոտ 800 անդամներ, նրանց 80-85 տոկոսը երիտասարդներ են, այսինքն, թարմանում են ու «նորոգվում». «Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք քաղաքական դաշտում նաեւ սերնդափոխություն իրականացնել եւ վստահենք պետությունը, իշխանությունը նոր սերնդին»: Նա հույս հայտնեց, որ ՀՅԴ-ի վերանորոգումը դառնալու է քաղաքական դաշտում նոր մոտեցումների առհավատչյան:

Աղվան Վարդանյանն ասաց, որ նոր համակարգի պայմաններում, որքան մեծ լինի ՀՅԴ-ի կշիռը, ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան մեր երկրում ներքին կայունություն կապահովի, այնքան մեր երկրում զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, այնքան երաշխավորված կլինեն մեր երկրի, Արցախի անվտանգությունը, այնքան  օտար միջամտությունները նվազ կլինեն, այնքան հակազդեցություն կստանան. «Որ խորհրդարանական համակարգի պայմաններում այստեղ են հարցերը լուծվելու, նաեւ ուժային կենտրոնները, աշխարհաքաղաքական կենտրոնները  փորձելու են ինչ-որ առումով իրենց ազդեցությունն ունենալ ԱԺ-ում, սա եւս ակնհայտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031