Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության տարեվերջյան նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Գործադիր մարմինը որոշում է ընդունել 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԱՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերը, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս առաջնորդվել են մի շարք պայմաններով: Որոշման համաձայն՝ կապահովվի 2017 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների:
Վարչապետը պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարել է պետական բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումներն իրականացնելիս առաջնորդվել միայն պլանավորված ծախսերի ժամանակացույցով: Ա. Հարությունյանը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չառաջարկել՝ ընդգծելով, որ փոփոխություններ կարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հիմնականում հանրապետության անվտանգությանն ուղղված կարևորագույն ծրագրերի իրագործման նպատակով՝ նախօրոք քննարկելով համապատասխան գերատեսչությունների հետ:
Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների առաջարկությունները՝ գործադիր մարմինը որոշում է ընդունել «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար «Գ» սերիայի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու մասին:
Կարդացեք նաև
Կառավարությունը հաստատել է նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2017թ. տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Այն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովմանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավմանը: Ընտանիքի և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովմանը: Ծրագրում տեղ են գտել նաև մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսուցման ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:
Նիստի ավարտին, կառավարության ղեկավարը, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ 2016 թվականի համար պլանավորված բոլոր կարևոր ծրագրերը, ընդհանուր առմամբ, կյանքի են կոչվել՝ չնայած ապրիլյան դեպքերի պատճառով ստեղծված ծանր կացությանն ու դժվարություններին: Ա. Հարությունյանի խոսքով՝ գալիք տարում ևս ակնկալվում է ՀՆԱ-ի աճի բարձր ցուցանիշ, իսկ հանրապետության անվտանգության ապահովումն ու բանակի մարտունակության բարձրացումը մնալու են կառավարության գլխավոր առաջնահերթությունները:
«Մի քանի օրից ավարտում ենք բյուջետային տարին: Նշեմ, որ մեզ հաջողվել է իրականացնել ստանձնած պարտավորությունները, ապահովել ամենակարևորը՝ տնտեսական աճի անհրաժեշտ չափ՝ նախնականորեն ավելի քան 9 տոկոսի սահմաններում: Կառավարությանը հաջողվել է ապահովել պլանավորած բյուջետային մուտքերի և այլ եկամուտների հավաքագրումը: Բավարար է նաև ծնելիության մակարդակը, որը վերջին տարիների ընդհանուր միջինից հետ չի մնում: Սոցիալական հիմնական ծախսերն արդեն կատարվել են, առաջիկա օրերին ավարտելու ենք աշխատավարձերի վճարումը, պլանավորված ծրագրերը հիմնականում ֆինանսավորված են: Այսինքն՝ կառավարությունը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը»,- շեշտադրել է Ա. Հարությունյանը:
Վարչապետը նաև հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ ներկայացնել հանրությանը:
Վերջում, գործադիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արցախի Հանրապետության կառավարություն