2017թ. հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ Հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան:
Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության դահլիճում, հանդերձավորման կետում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված հնարավորությունները, վիճակահանության ընթացակարգին առնչվող փոփոխություններ: Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մրսածության դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը, հանրապետական հավաքակայանի սենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման հարցեր: Դիտարկվել են նաև բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները և զորակոչիկներին զինվորական հանդերձանքի հատկացման կարգը:
Զրուցելով զորակոչի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված կառույցների պատասխանատուների հետ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը տվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, մաղթել հաջող աշխատանքային ընթացք և հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարություն