Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը առաջինը պետք է գնար մարտի 1-ի տասն անմեղ զոհերի գերեզմանին ծաղիկ դներ». Սարգիս Հացպանյան

Դեկտեմբեր 26,2016 17:41

  «Չեմ հավատում ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե ներսից պիտի փոխվեն կամ, որ իրենք իրենց պիտի փոխեն: Իշխանություններն ունեն լծակներ, որոնք չեն օգտագործվում և լծակ չունեցողները «Սասնա ծռեր» են դառնում»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում ամփոփելով տարին` այսպիսի եզրակացության եկավ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Նա, անդրադառնալով տարվա առանցքային իրադարձություններին, առանձնացրեց ապրիլյան քառօրյա պատերազմը. «Այն ցույց տվեց, որ հայ ազգը կանգուն է իր հայրենիքը պաշտպանող, սքանչելի երիտասարդներով, որոնք ոչնչով չեն զիջում արցախյան ազատամարտի մասնակից սերնդին ու ձեռք բերված հաղթանակների տերն ու տիրականն են»:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի` Հայաստան այցին` պարոն Հացպանյանը նկատեց. «Ռոհանիի հայտարարություններն ուղղակի ուղերձ էին Բաքվին, որ ունենք վստահելի հարևան մեր տարածաշրջանում: Իրանը ցույց է տալիս, որ գործընկեր ու հարևան է Հայաստանին»:

Հուլիսյան իրադարձություններին`ՊՊԾ գնդի գրավմանը, ևս անդրադարձ կատարվեց. «Ըմբոստ ուժերն ուզեցին իշխանությանն ամենասուր կարգավիճակով ահազանգ հասցնել այն վիճակի մասին, որ երկրում տիրում է: Ցավոք, այդ շարժումը մահվան ելքով ավարտվեց, և անհասկանալի ձերբակալումներ եղան: Ու կրկին մեր երկրում քաղբանտարկյալ ունենալու հանգամանքով ենք Նոր տարին դիմավորելու»:

Աշխարհաքաղաքական իրադարձություններից Սարգիս Հացպանյանը հիշատակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունն ու Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը:

Ներքաղաքական իրադարձություններից ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը ևս մտահոգիչ է փորձագետի համար: Ըստ նրա` Կարեն Կարապետյանի` Մոսկվայից երևան բերվելն ու վարչապետի պաշտոնում նշանակվելն արդեն իսկ ՀՀ Սահմանադրության խախտում էր, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության`միայն վերջին չորս տարիներին անընդմեջ ՀՀ-ի բնակիչ հանդիսացող քաղաքացին կարող է նշանակվել ՀՀ վարչապետ: Սարգիս Հացպանյանի պնդմամբ`«Պուտինի դաբրոյով «կոսմետիկ ռեմոնտի» համար է Հայաստան բերվել Կարեն Կարապետյանը. «Հերթական անգամ ՀՀ Սահմանադրությունը ոտնակոխ արվեց: Կարեն Կարապետյանը հարյուր օրվա մեջ հարյուր անգամ խոսեց, բայց մեկ կոնկրետ գործ չտեսանք: Նրա նշանակած նախարարներից գոնե երեք-չորսին ճանաչում եմ և չեմ կարծում, որ մեր հասարակությանը և ժողովրդին օգուտ կտան: Կարեն Կարապետյանի տեղը լինեի` Նոր տարին չէի նշի, քանի որ նա իր վարչապետության առաջին տարին նշելու է քաղբանտարկյալներով Հայաստանի Հանրապետությունում»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` Սարգիս Հացպանյանը տարօրինակ համարեց այն, որ ՀՀ առաջին նախագահը փոխել է իր այն դիրքորոշումը, թե ինչ որոշի ԼՂՀ ազգաբնակչությունը, դա պետք է լինի հայոց դիրքորոշումը: Ըստ պարոն Հացպանյանի` ՀՀ առաջին նախագահի ելույթում հնչած միակ ճիշտ բանն այն է, որ եթե հանկարծ Աստված չանի Ադրբեջանը միակողմանի սանձազերծի պատերազմ, մի քանի շրջան ևս կկորցնի:

Ընդդիմադիր դաշտում նոր հայտ ներկայացնելու վերաբերյալ պարոն Հացպանյանն ասաց. «Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ չի կարելի նոր արթուրբաղդասարյաններին քաղաքական դաշտում ընդունել: Զարմացել եմ, որ Վարդան Օսկանյանը մտնում է խաղի մեջ, կամ Սեյրան Օհանյանը, որին մոտիկից եմ ճանաչում, կամ Վիկտոր Դալլաքյանը: Նրանց գրեթե 99,9 տոկոսի ձեռքերը մարտի 1-ի արյան մեջ են թաթախված: Սեփական ժողովրդին սպանելու որոշում կայացնող համակարգում եղած մարդն առանց ծնկի գալու ինչպե՞ս է հայտ ներկայացնում: Սեյրան Օհանյանն այն օրը, երբ պաշտոնը թողեց, առաջինը պետք է գնար մարտի 1-ի տասն անմեղ զոհերի գերեզմանին ծաղիկ դներ, ներողություն խնդրեր, ներողություն խնդրեր նաև ամբողջ ազգից, որ բանակն ուղղակի միջամտել է այդ ամբողջին»: Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ` «չեղածների մեջ իբրև ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ, Սասուն Միքայելյանն ու նրա հետ միացած անձինք են»:

Սասուն Միքայելյանի մասին նա պատմեց. «Սասուն Միքայելյանի հետ մի քանի տարի բանտարկված ենք եղել, թե ԿԳԲ-ում, թե բանտային հիվանդանոցում: Ես նրան բանտում եմ ճանաչել ու հավատում եմ, որ այդպես գյուղական միջավայրում ձևավորված և գյուղացիական հենարան ունեցող մարդը պիտի որ քաղաքում ինչ-որ փոփոխություն կատարելու հարցում դրական դերակատարություն ունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031