Լրահոս
Օրվա լրահոսը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համար որմնակարները Գյումրի չվերադարձնելու կառավարության դիրքորոշումը զարմանալի չէ

Դեկտեմբեր 26,2016 17:34

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2016 թ. նոյեմբերի 7-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին, խնդրելով Գյումրի վերադարձել 4-5 տարի առաջ Գյումրիից Երեւան տարված Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարները, առաջարկել էր դրանց փոխարեն սարքել դրանց կրկնօրինակները եւ կախել այն տեղերում, որտեղ հիմա բնօրինակներն են կախված: ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանը դեկտեմբերի 20-ին պատասխանել է այդ նամակին, մերժելով խնդրանքը, եւ բացատրելով, թե Մինասի որմնանկարների վերադարձը իրատեսական չեն համարում: Պատասխանում նախարարը պատմում է նաեւ այն մասին, որ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով Գյումրու երկու որմնանկար է վերականգնվել եւ տեղադրվել Գյումրիում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համար որմնակարները Գյումրի չվերադարձնելու կառավարության դիրքորոշումը զարմանալի չէ: Այսօրինակ պատասխաններ են տվել նաեւ նախորդ երկու վարչապետները եւ մշակույթի նախորդ նախարարը: Այս դիրքորոշմամբ հաստատվում է, որ Հայաստանի համաչափ զարգացման մասին իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունները ընդամենը հանրային քարոզի նպատակով հնչեցվող դատարկ խոսքեր են:

Գյումրեցիների մշակութային ժառանգության անհիմն օտարումը Գյումրի քաղաքից եւ տեղակայումը այնպիսի վայրերում, որոնք հիմնականում անհասանելի են հանրությանը (դրանցից երեքը տեսանելի են միայն 100-150 հոգու, որովհետեւ երկուսը գտնվում են ՀՀ կառավարական տան դահլիճներից մեկում, երրորդը՝ Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում, իսկ չորրորդը տեսանելի է Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահում գտնվողներին. այն կախված է կրող կոնստրուկցիաների ֆոնին՝ խայտաբղետ լուսավորության ներքո), ուղղակի ապացույց է այն բանի, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն խախտում է ՀՀ սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված քաղաքացիների մշակութային իրավունքները:

Լ.Բարսեղյանին հղած նամակում նախարարը նաեւ պատրաստակամություն է հայտնում այդ որմնանկարների կրկնօրինակները պատրաստելու համար օգնել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին եւ դրանք թողնել Գյումրիում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ասպարեզ» ակումբը չունի կերպարվեստը զարգացնելու եւ պահպանելու կարողություններ եւ առաքելություն ու այս առաջարկը ակումբը չի կարողանա օգտագործել, խորհրդի նախագահը այդ առաջարկը դեկտեմբերի 26-ին փոխանցել է Գյումրու քաղաքապետին, ակնկալիքով, որ քաղաքապետարանը ջանքեր կներդնի նախարարությունից կրկնօրինակների պատրաստման աջակցությունն ստանալու համար:

 

Հանրային հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031