26 դեկտեմբերի 2016
2016թ. հաշվետվություն
(ավագանու անդամի՝ իմ գործունեության մասին)
Ավարտվեց ևս մեկ տարի՝ 2016թ.-ը, որը լի էր թե՛ դժվարություններով, մարտահրավերներով, տարբեր ոլորտներում Երևան քաղաքի բնակչության առջև ծառացած բազում խնդիրներով, թե՛ այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված քայլերով և արձանագրած փոքրիկ հաջողություններով: Այս ամենը ողջ տարվա ընթացքում ստիպեց ինձ շարունակել լինել զգոն, կիսել երևանցիների մտահոգություններն ու հաղորդակից լինել նրանց խնդիրներին՝ հնարավորության սահմաններում փորձելով լուծել դրանք:
Կարդացեք նաև
2016 թվականին 60 և ավելի նամակ եմ ստացել քաղաքի բնակիչներից (այդ թվում՝ բանավոր դիմում-առաջարկներ), հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ, լսել, մատուցել համապատասխան խորհրդատվություններ: Խնդիրները վերաբերել են քաղաքում իրականացվող ապօրինի շինարարությանը, քաղաքացիների ոտնահարված իրավունքներին, ծառահատմանը կամ կանաչ տարածքների վերացմանը, ոռոգման ցանցերին, կրթական հարցերին, անշարժ գույքի սեփականաշնորհումներին և այլն, և այլն, եղել են նաև դրամական օգնության կամ աշխատանքի տեղավորման խնդրանքներ: Դրանցից 20-ը հաջողվել է լուծել:
Մասնավորապես՝ Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի կոյուղաջրերի, Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության կասեցման, ազատամարտիկ քաղաքացու բնորոշմամբ՝ իր «մետաղակույտ-ավտոմեքենայի» գույքահարկի, զինծառայողների ընտանիքներին կենցաղային տեխնիկա տրամադրելու հարցերը, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.1/1, 1/2 և 1/3 շենքերի բակի խնդիրը, թիվ 61, 75 և 39 համարների երթուղային տաքսիների անսարք, նստատեղերի անմխիթար վիճակի, գերծանրաբեռնված և աշխատանքային պայմանագրին չհամապատասխանող գործունեության մասին, Երևանի ՋԷԿ-ի տարածքը սպասարկող տրանսպորտային միջոցների հարցերը, Գուսան Հայկազունին բնակարան տրամադրելու հարցը, Գևորգ Քոչարի փողոցի չորացած եղևնիներն այլ ծառատեսակներով փոխարինելու հարցը, հաշմանդամ Ռաֆիկ Կոգանյանի խնդիրը, Օրբելի 6 հասցեում հաշմանդամ երեխային սպասարկող վերելակի աշխատանքը շտապ վերականգնելու մասին, Կոմիտասի արձանին հարող զբոսայգու անբարեկարգ խաղահրապարակի հարցերը և այլն:
Ապրիլյան պատերազմում զոհված 4 զինծառայողների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու վերաբերյալ առաջարկով եմ հանդես եկել: Առհասարակ, ստացված թե՛ գրավոր նամակներին, թե՛ բանավոր դիմումներին տրվել է ընթացք. դրանց հիման վրա նամակներ են գրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ այլ գերատեսչությունների ղեկավարներին՝ խնդիրների վերաբերյալ պահանջելով պարզաբանումներ: Բարձրացված խնդիրների մի մասն էլ դեռ սպասում է լուծման:
Ցավոք, եղան նաև դեպքեր, երբ խնդրի լուծմանը այդպես էլ չհաջողվեց հասնել, զորօրինակ՝ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցի կանաչ գազոնի վրա իրականացվող շինարարության կասեցման հարցը, Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անունով փողոցներ անվանակոչելու հարցը, քաղաքում հանրային զուգարաններ կառուցելու մասին, Նորքի Այգիներ 235 հասցեի ապօրինի շինարարության կասեցման, Ազատամարտիկների փողոցի ջրապոմպակայանի հարցերը և այլն:
Քաղաքացիների խնդիրներով կամ, առհասարակ, քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքապետին և տարբեր գերատեսչությունների հղել եմ 200 նամակ, տարածել 80 մամլո հաղորդագրություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հատուկ ուշադրության կենտրոնում եմ պահել այն հիմնադրամների գործունեությունը, որոնք պարտավորություն ունեին օգտակար լինելու բանակին, սակայն ոչինչ չարեցին: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Մարտիկ» հիմնադրամին, որի վերաբերյալ հիմնադրամի տնօրենին գրել եմ բազում դիմում-նամակներ, տարածել մամլո հաղորդագրություններ:
Երևանի 2017թ. բյուջեում և Զարգացման ծրագրում ընդգրկելու համար ներկայացրել եմ 8-ական առաջարկություն, որոնց զգալի մասն ընդունվել է:
Ակտիվորեն մասնակցել եմ «Բարև Երևանի» աշխատանքներին, խմբակցության և ավագանու գումարած բոլոր նիստերին, առաջադրել կամ բարձրացրել հրատապ լուծում պահանջող հարցեր:
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ