Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հարցադրումներ է ներկայացրել

Դեկտեմբեր 26,2016 16:03

ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին: Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 2-րդ (Կյանքի իրավունք), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիմքով:

ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով տուժող կողմը մատնանշել է գործը քննած դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու հանգամանքը. գործը քննվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում այն դեպքում, որ տվյալ դատարանի վարչատարածքային կազմի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառված չէ:

ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով վկայակոչվել է պետության պոզիտիվ պարտավորությունը՝ Տ. Վարյանի կյանքի և առողջության նկատմամբ, իսկ 13-րդ հոդվածի իմաստով՝ մահվան հանգամանքների շուրջ ոչ արդյունավետ քննություն կատարելը, որը չի հանգեցրել մեղավորների բացհայտմանը և համարժեք պատժի նշանակմանը: ՄԻԵԿ 3-րդ հոդվածի իմաստով էլ նշվել է զինծառայողի՝ խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու հանգամանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը վարույթ է ընդունել ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտման հիմքով և հարցադրումներ ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ զինծառայողի կյանքի նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման և Տ. Վարյանի մահվան դեպքի քննության արդյունավետության վերաբերյալ:

ՀՀ Կառավարությունը հարցադրումներին պատասխաններ է տալու մինչև 2017 թ. մարտի 20-ը: Ավելի քան չորս տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքը իրավապահների կողմից որակվել է որպես ինքնասպանություն, և նույն զորամասի դասակի հրամանատար Հովհաննես Հակոբյանը՝ 4 տարի 6 ամիս, իսկ մահացածի ծառայակիցներ Գևորգ Մանուկյանը և Էրիկ Սարգսյանը 4 ամիս ազատազրկման են դատապարտվել: Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը՝ պատճառաբանելով, որ ստորադաս դատարանների կողմից նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031