Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան («Նայթեքս» ԲԲԸ), որ դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, նոր սեփականատեր ունի: Հայ ներդրողն այն ձեռք է բերել օրեր առաջ ավարտված աճուրդում և պատրաստվում է վերագործարկել ու վերակենդանացնել բամբակամանվածքային ֆաբրիկան:
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Նայթեքս» ԲԲԸ-ի միջև 2011թ. կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի`վերջինին տրամադրվել է վարկ: 2013 թվականից սկսած` «Նայթեքս» ԲԲԸ-ում ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես` իրացման ծավալների անկում, հասույթների նվազում, պարտավորությունների անընդհատ աճ, պետական գնումների գործընթացին մասնակցելու սահմանափակում, ֆինանսական վիճակի վատթարացում և աշխատատեղերի կրճատում: Այս ամենի արդյունքում վարկի սպասարկումը դարձել է խնդրահարույց և վարկը ճանաչվել է անհուսալի, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրենքով սահմանված կարգով բռնագանձման գործընթաց սկսելու:
Միևնույն ժամանակ «Նայթեքս» ԲԲԸ-ի մատակարար և հիմնական գործընկեր կազմակերպության դիմումով դատարաննընկերությանը սնանկ է ճանաչել:
Հաշվի առնելով բամբակամանվածքային ֆաբրիկայի ռազմավարական նշանակությունը` «ՓՄՁներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առանձնացել է սնանկացման գործընթացից` նախընտրելով «Նայթեքս» ԲԲԸ-ին տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան (բամբակամանվածքային ֆաբրիկան) աճուրդի հանել` պայմանով, որ գնորդը պարտավորվի գործարանը ձեռք բերելուց հետո օգտագործել այն ըստ նպատակային նշանակության:
2016թ. նոյեմբերին կայացած բաց աճուրդի արդյունքում նոր սեփականատերը ձեռք է բերել գործարանը և պատրաստվում է նոր շնչով և հնարավորություններով վերագործարկել ու վերակենդանացնել բամբակամանվածքային ֆաբրիկան: Արդյունքում կստեղծվեն կայուն աշխատատեղեր:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ