Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը լիճը կլցնի սոցռեալիզմի շրջանի արձանները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 15:13

Դեկտեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց աշխատանքային տարին: Նա ասուլիսի էր եկել փոքրիկ քանոնահարուհի Մերիի հետ, որը տարբեր մրցույթներում ներկայացրել է Հայաստանը:

mshak3

Նախարարը խոսեց վիտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ հայտարարելու մասին: Ասաց, որ տարեսկզբին կմեկնարկի հաղորդում, որին կմասնակցեն գրահրատարակիչներ եւ մտավորականներ, բաց քվեարկության արդյունքում կընտրվի, թե ինչ գրքեր պետք է հրատարակվեն: «Դեռ չհրատարակված՝ գիրքը դառնալու է ցանկալի»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ ստեղծելու են նոր տիպի գրադարաններ, իր ձեւակերպմամբ՝ ընտանեկան ժամանցի կենտրոններ, որոնց առանցքում կկարողանան պահել ընթերցանությունը: Նշեց, որ արդեն որոշ ընկերությունների հետ ունեն պայմանավորվածություններ:

Նա նաեւ նշեց, որ 2017-ին միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ կստեղծվի: Արմեն Ամիրյանի խոսքով, այդպիսով այցելուն առցանց հնարավորություն կունենա գնել ցանկացած միջոցառման տոմս, եւ տոմսերի վաճառքն էլ շատ թափանցիկ է լինելու:

«Այս համակարգը հնարավորություն կտա, որպեսզի բացառենք ստվերային տոմսաշրջանառությունը, նաեւ մոնիտորինգ անենք, թե որ ներկայացումներն են պահանջված»,-հայտնեց Արմեն Ամիրյանը: Նաեւ հավելեց, որ օրինակ՝ Պատմության թանգարանում կլինի լեգոների բաժին, կստեղծվեն նոր թանգարաններ, այդ թվում՝ տիկնիկների, գորգերի, լուսանկարչության, նաեւ ջրասուզակների: Վերջինիս վերաբերյալ նախարարը հավելեց, որ Սեւանի ափին եւ ջրի հատակում տեղավորվելու են սոցռեալիզմի արձանները, որոնք նորովի կներկայացվեն հայաստանցիներին ու զբոսաշրջիկներին;

Նախարարը տեղեկացրեց, որ տարեկան 250 մլն դրամ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, մինչդեռ ունենք 24000 հուշարձան, ուստի 2017-ին միայն 7 հուշարձան կվերականգնվի:

«Հուշարձանի շուրջ կարող են կառուցվել հյուրատներ, փոքրիկ խանութներ»,-ասաց Արմեն Ամիրյանը եւ հույս հայտնեց, թե լավագույնս պահպանվում են համայնքային նշանակության հուշարձանները: Շեշտեց, որ մշակվում են նախագծեր, թե ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջիկների անցուղիները:

Ինչ վերաբերում է կինոյին, մշակույթի նախարարը հայտնեց, որ փորձում են ստեղծել տնօրենների խորհուրդ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի բազայի վրա, որը ռոտացիոն կարգով կհամակարգի կինոարտադրությունը: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կլուծարվի, իսկ թե ինչ խախտումներ են եղել, պարզ կլինի աուդիտից հետո: Նա որեւէ քննադատական խոսք չասաց կինոկենտրոնի եւ նրա ղեկավար Գեւորգ Գեւորգյանի հասցեին, ընդամենը նշեց, որ կինոկենտրոնը կարեւորագույն նշանակություն է ունեցել ժամանակին, եւ ամեն ինչ պետք է դիտարկել իր ժամանակի մեջ: «Հայֆիլմին» էլ աղոտ անդրադարձ եղավ: Արմեն Ամիրյանն ասաց, որ այն մասնավորեցման ծրագրի մեջ է, մշակում են ներդրումային ծրագիր՝ հաշվելու համար, թե ինչ կարժենա, օրինակ, նկարահանման սրահները նորոգելը:

Ինչ վերաբերում է թատերարվեստին, Արմեն Ամիրյանը առանձնացրեց Պուչինիի «Տոսկայի» եւ Սունդուկյանի «Պեպոյի» հանձնումը: 2017-ին Ազգային օպերային թատրոնում կտեղադրվի թարգմանիչ՝ վազող տող, նույն պրակտիկան կկիրառվի Սունդուկյան թատրոնում եւ այլ մշակութային օջախներում:

Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ եղավ այս տարի տարբեր մշակութային օջախներում կատարված նոր նշանակումներին:

«Ծրագրել ենք 400 մարզային այցելություններ: Ցավոք, Երեւանը մշակութային ագրեսիայի ենք ենթարկում, աչքաթող անելով մարզերը»,- հավելեց նախարարը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանից էլ խոսք գնաց: Արմեն Ամիրյանը պատրաստվում է նրան ազատել աշխատանքից, երբ Պողոսյանը վերադառնա բուժումից: «Կան ֆինանսական չարաշահումներ, հավաստիացնում եմ, որ արժի ստորագրել այդ հրամանը»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031