Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ իրեն մեկուսացնելու նպատակ կա». Տիգրան Հայրապետյան

Դեկտեմբեր 26,2016 14:55

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց անփոփոխ թողնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոքարկել էր նրա խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

«Ժիրայր Սեֆիլյանը ողջ մեղադրանքը համարում է թատերական ներկայացում, բեմադրություն եւ չի ուզում դեր ունենալ այս բեմադրության մեջ: Ընդգծված որեւէ քննչական գործողության չի մասնակցում»,- դատական նիստից հետո ասաց Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով, առաջին ատյանի դատարանը կալանքի մասին որոշումը հրապարակել է առանց Ժիրայր Սեֆիլյանի ու նրա պաշտպանների ներկայության. «Ավելին՝ միջնորդությունները քննչական մարմինը չի տրամադրում Ժիրայր Սեֆիլյանին ծանոթանալու համար, թեեւ պարտավոր է: Ժիրայր Սեֆիլյանի դեմ կայացված ակտը ոչ թե դատարանի որոշում է իրավական հիմնավորումներով, այլ քաղաքական որոշում՝ նրա գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ»:

Հիշեցնենք նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք-շինություններ՝ այդ թվում Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ:

Փաստաբանը նաեւ ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանին վերջերս են տեղափոխել «Արմավիր» ՔՀԿ, խցում նա մենակ է. «Եթե չեմ սխալվում՝ 20 խուց կա, 20-ից 17-ը ազատ է: Մի խցում գտնվում է ինքը, մյուս մասնաշենքում Վարուժան Ավետիսյանն է: Այդ 20 խցերում 3 անձ են, որտեղ պետք է լինի 80 կալանավոր , ընդամենը 3 անձ են, եւ խստացված ռեժիմով: Այսինքն, ըստ էության, Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն չի շփվում խցակիցների հետ, նաեւ մինչեւ վերջ մեկուսացված է: Ասում էր նպատակը ոչ թե «Վարդաշեն»-ում վերանորոգում կատարելն էր, այլ իրեն մեկուսացնելն է: Ըստ էության հիմա մեկուսացված է»:

Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031