ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն անցնող տարում մատնանշում է երկու կարեւոր խնդիր`ապրիլյան քառօրյա պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Ենթադրվում էր, որ այդ իրադարձությունները էականորեն կփոխեն ներհայաստանյան կյանքը, բայց, այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Նարեկ Գալստյանը փաստում է`բովանդակային առումով մեր երկրում ոչինչ չփոխվեց, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խնդիրները շարունակում են մնալ բավական սուր: Նա կարեւորում է նաեւ անցած տարեվերջին կայացած Սահմանադրական փոփոխությունները, որոնք արդեն կիրառության մեջ են մտնում:
Առաջիկա խնդրահարույց իրադարձությունը նա համարում է արցախյան խնդիրը եւ գարնանը սպասվող խորհրդարանական ընտրությունները: Վերջինիս մասով ՍԴՀԿ ատենապետը կանխատեսում է. «Բավական սուր ընտրություններ են լինելու»: Ասում է՝ դեռ ի հայտ կգան նոր խաղացողներ:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, Նարեկ Գալստյանն ասաց, որ ՍԴՀԿ-ՌԱԿ բանակցությունները դեռ շարունակվում են, այժմ արդեն այն համատեքստում, որ այդ դաշինքը մեծացվի կամ միանա մեկ այլ դաշինքի, որը քաղաքական ու գաղափարական առումով հոգեհարազատ է ավանդական կուսակցություններին: Անուններ բանախոսը չի հնչեցնում, դեռ հստակ պայմանավորվածություններ չկան:
Ամեն դեպքում ՍԴՀԿ-ն կմասնակցի ընտրությունների. դաշինքային ձեւաչափի պարագայում Նարեկ Գալստյանը կառաջադրվի վարկանիշային ընտրակարգով, Գեղարքունիքում: Հակառակ պարագայում, ՍԴՀԿ-ն մեկ տասնյակ մարդ կառաջադրի վարկանիշային ընտրակարգով`հանրապետության տարբեր մարզերում: Նման վստահություն հնչակյաններին ներշնչել է անցած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը եւ արձանագրած դրական ցուցանիշները`առաջադրված վեց ավագանու թեկնածուներից երեքն ընտրվել են:
Կարդացեք նաև
Նարեկ Գալստյանը հավատացնում է`ՍԴՀԿ-ն լինելու է բացառապես ընդդիմադիր դաշտում, իշխանական «խաղերի» մեջ չեն մտնելու: Բայց եթե այս ընտրություններում էլ գերիշխող լինի ընտրակաշառքի գործոնը, բանախոսի կարծիքով, ընդդիմության համար տխուր պատկեր կարձանագրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ