Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ չընդհատվող ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Չդադարող տեղումներին զուգահեռ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները, կանգառասրահների տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով գլխավոր և երկրորդական փողոցների, ինչպես նաև մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների իրականացումը: Բացի այդ, հանձնարարվել է զուգահեռաբար շարունակել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է վարձակալների կողմից հարակից տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպումը ևս պահել խիստ վերահսկողության տակ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն