«Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքի հետ կապված Հայաստանի համար ռիսկային է այն, որ բաժնետոմսերը կարող է գնել ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերությունը: Մտահոգություններ կան, որ այդ ընկերությունը նշված քայլին կարող է դիմել՝ նաև քաղաքական շահագրգռվածությունից ելնելով:
«Մեդիա կենտրոնում» «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով քննարկմանը Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլին նշեց, թե մեծ է նաև հավանականությունը, որ այդ բաժնետոմսերը կարող է գնել «Գազպրոմը» կամ իրանական կողմը:
Նա հավաստիացրեց, թե վրացական կողմից հայտարարում են, որ եթե «Սոկարը» գնի այդ ակցիաները, միևնույն է, դա լինելու է վերահսկողության ներքո, և հարցը քաղաքական տեսանկյունից օգտագործել չի կարող:
Անդրադառնալով «Գազպրոմ»-Վրաստանի իշխանություններ բանակցություններին՝ Գիա Խուխաշվիլին նշեց, թե դրանք ինչպես միշտ արդյունք չեն տալիս: Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Վրաստանը մարժան իջեցնի ՀՀ-ի համար, փորձագետը պատասխանեց. «Վրաստանն ունի հստակ դիվիդենդներ ողջ այս պատմության մեջ: Մենք չենք ուզում կորցնել այն եկամուտը, որը ստանում ենք այս գործից: Ի վերջո, «Գազպրոմն» էլ կարող է շահագրգռված լինել բաժնետոմսեր գնելու հարցում, այն «Սոկարից» ոչ պակաս հետաքրքրություններ ունի: Պետք չէ բացառել նաև, որ Իրանը կարող է գնել այդ բաժնետոմսերը»:
Կարդացեք նաև
Բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերի մասին Էներգետիկայի հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն ասաց. «Այստեղ կան լուրջ ռիսկեր: Եթե բաժնետոմսերի 25 տոկոսը լինի «Սոկարի» ձեռքին, ապա դա Հայաստանի համար ռիսկային կլինի»:
Քննարկվեց նաև այն հարցը՝ արդյոք իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել Հայաստանի համար ֆորսմաժորային իրավիճակներում: Արմեն Մանվելյանը նկատեց. «Իրանի նախագիծը հետաքրքիր է և ֆորսմաժորային իրավիճակներում այն լիովին կարող է Հայաստանին ապահովել գազով: Իհարկե, «Գազպրոմի» գազին այլընտրանք չի կարող լինել, քանի որ այն բարձր գին ունի»:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, նկատեց. «Հայաստանն այս հարցերում երրորդ կողմ է: Առաջին հերթին «Գազպրոմն» ու Վրաստանի կառավարությունն են բանակցում, իսկ Հայաստանը հանդես է գալիս հետաքրքրված երրորդ կողմի դերում: Պետք չէ մոռանալ նաև, որ Վրաստանն ունի պայմանավորվածություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. նա դառնալու է գազային միջանցք այդ երկրների համար և փոխարենը նրանցից ստանալու է էլեկտրաէներգիա անհրաժեշտության դեպքում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի