Վերջին երեք տարիներին օրինաչափություն է դարձել, որ դեկտեմբեր ամսին Ադրբեջանի ֆինանսատնտեսական միջավայրը հայտնվում է հերթական ցնցման մեջ: Այս տարին եւս բացառություն չէ: Այդ իրավիճակի ակունքները տանում են 2015թ.-ի փետրվար, երբ Ադրբեջանում արժութային առաջին ցնցումը գրանցվեց:
2014-ի սեպտեմբերից նավթի համաշխարհային գների անկման արդյունքում տարվա վերջին նավթարդյունահանող երկրներում ճնշում եղավ արժույթների վրա, ինչը հատկապես նկատելի էր հետխորհրդային տարածքում: Ղազախական տենգեն, թուրքմենական մանաթը, ռուսական ռուբլին, եւ վերջինով պայմանավորված նաեւ հայկական դրամն ու վրացական լարին՝ հետխորհրդային այլ երկրների ազգային արժույթները կտրուկ արժեզրկվեցին:
Դեկտեմբերի կեսերին, երբ ժամ առ ժամ արժեզրկվում էր ռուսական ռուբլին, Ադրբեջանում հավաստիացնում էին, որ մանաթը նման ճակատագիր չի կարող ունենալ՝ մատնանշելով երկրի Կենտրոնական բանկի միջազգային 14 մլրդ դոլար պահուստների առկայությունը: Սակայն հարկ է նշել, որ հիշյալ ամիսներին Ադրբեջանի ԿԲ-ն մանաթի փոխարժեքը նույն մակարդակին պահելու համար ամսական մոտ 1.1 մլրդ դոլար ինտերվենցիա էր կատարում:
2015թ.-ի տարեսկզբին, երբ նավթի գների անկումն այլեւս անկասելի իրողություն էր, Ադրբեջանում գիտակցեցին, որ նման տեմպերով ԿԲ-ի եւ Նավթային հիմնադրամի դոլարային պաշարները հաշված ամիսների ընթացքում բառացիորեն կմաշվեն, եւ 2015թ.-ի փետրվարի 21-ին Ադրբեջանի իշխանությունները որոշեցին մանաթը 34%-ով դեւալվացիայի ենթարկել: Հարկ է արձանագրել, որ այդ պահին՝ 2015-ի փետրվարին, եւ հայկական դրամը, եւ ռուսական ռուբլին, եւ վրացական լարին թեեւ արժեզրկված, բայց գտնվում էին կայուն մակարդակում, մինչդեռ ադրբեջանական մանաթի «ոդիսականը» դեռ նոր էր սկսվում:
Կարդացեք նաև
Նախորդիվ չունենալով արժութային շուկայի կարգավորման փորձ՝ ադրբեջանական իշխանությունները թեեւ մտադիր էին, սակայն 2015թ.-ի ընթացքում այդպես էլ չհամարձակվեցին անցում կատարել ազգային արժույթի լողացող փոխարժեքի՝ հույս ունենալով, որ նավթի գներն, այնուամենայնիվ, կվերականգնվեն եւ դոլարային մուտքերի ավելացման շնորհիվ կպահպանեն մանաթի փոխարժեքը: Արդյունքում մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ԿԲ-ի պահուստները 12.7 մլրդ դոլարից կրճատվեցին մինչեւ 5 մլրդ, իսկ նախաամանորյա օրերին Ադրբեջանի բնակչությունը հայտնվեց իսկական ֆինանսական ճգնաժամի մեջ: Դեկտեմբերի 25-ին մանաթն արժեզրկվեց 48%-ով: Մեկ օրում գների վերանայում տեղի ունեցավ Բաքվի բոլոր խոշոր առեւտրային կենտրոններում, դեղատներում՝ առաջ բերելով ահռելի գնաճ: Մինչեւ 2016թ.-ի փետրվար շարունակվող խուճապը վերաճեց բանկային ճգնաժամի: Հասարակ քաղաքացիների մանաթով խնայողություններն արժեզրկվել էին կրկնակի, եւ մարդկանց արդարացի ցանկությունն էր հետագա արժեզրկման վնասներից խուսափելու համար մանաթով ավանդները փոխարինել դոլարայինի:
Աղյուսակ 1.
2016թ.-ին մանաթի մասնակի լողացող փոխարժեքը հավասարակշռված վարքագիծ դրսեւորեց մինչեւ հոկտեմբեր: Տարվա ընթացքում Կենտրոնական բանկի միջազգային պահուստների նվազումը հուշում էր, որ շուկայում մանաթի փոխարժեքի վրա ճնշում կա, եւ առկա փոխարժեքը ոչ թե շուկայական էր, այլ արհեստականորեն պահվում է ԿԲ-ի կողմից: Մանաթի վրա ճնշումը գաղտնիք չէր նաեւ հասարակության համար. այս տարվա օգոստոսին բանկային գործի գծով ադրբեջանցի հայտնի փորձագետ Աքրամ Հասանովը կանխատեսել էր, որ մանաթի անխուսափելի անկումը տեղի է ունենալու երկու հնարավոր տարբերակով` կամ Ադրբեջանի Կենտրոնական բանկը գնալու է արժեզրկման, կամ էլ, եթե մանաթի կտրուկ արժեզրկումը կանխելու համար որոշի շարունակել դոլարի վաճառքը, փորձելու է արտասահմանում գտնվող իր ակտիվները բերել Ադրբեջան, ինչն ըստ մասնագետի՝ երկար տեւել չի կարող:
Աղյուսակ 2.
Ինչպես երեւում է աղյուսակ 2-ից, գրեթե ամեն օր պատմական հակառեկորդ սահմանող ադրբեջանական մանաթի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 1.76-ի, իսկ «սեւ շուկայում» մեկ դոլարը սակարկվում է 2 եւ ավելի մանաթ փոխարժեքով: Երկու շուկաներում փոխարժեքի նման տարբերությունն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ ադրբեջանական բանկերը վերջին շաբաթներին գրեթե ամբողջությամբ դադարեցրել են դոլարի վաճառքը: Դոլարի սակավության խնդիրը լուծելու համար Բաքվի իշխանություններն օրենք են ընդունել, ըստ որի՝ եւ ռեզիդենտները, եւ ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն բանկային փոխանցում կատարել արտասահման օրական 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ ամսական՝ ոչ ավելի, քան 10000 դոլար:
Ադրբեջանի իշխանությունները՝ գիտակցելով, որ այլեւս անհնար է ազգային արժույթի փոխարժեքը արհեստականորեն պահել, իրավիճակը կայունացնելու նպատակով որոշել են 2017թ.-ին անցում կատարել մանաթի ամբողջովին լողացող փոխարժեքի: Հարցին՝ ի՞նչ է լինելու մանաթի հետ 2017թ.-ին, ադրբեջանական եւ միջազգային փորձագետները միակարծիք են՝ մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կգերազանցի 2-ը, որոշ կանխատեսումներով նույնիսկ կհասնի 2.5-ի:
Հասկանալի է, որ արժույթների արժեզրկման գործընթացը միայն ադրբեջանական ֆենոմեն չէ, եւ դա արձանագրվել է բոլոր հետխորհրդային երկրներում, մասնավորապես նավթարդյունաբերող երկրներում, սակայն ադրբեջանական մանաթի արժեզրկման ոդիսականը ուղեկցվեց առավել ցավոտ իրողություններով: Նախ՝ այն արժեզրկվել է տարածաշրջանի համար ռեկորդային ծավալներով, երկրորդ՝ գործընթացն արդեն տեւական բնույթ է ստացել եւ շարքային ադրբեջանցիների համար ստեղծել է խիստ անբարենպաստ սպասումների ֆոն:
Աղյուսակ 3.
Ներկայումս հետխորհրդային երկրների ազգային արժույթներից գրեթե բոլորը (բացառությամբ վրացական լարիի) գտնվում են հավասարակշռված մակարդակում, ինչը չի կարելի ասել մանաթի մասին: Հետխորհրդային երկրներից 3-ը ներկայումս գտնվում են եվրոյի գոտում, իսկ մնացած 12 երկրների շարքում ոչ լողացող փոխարժեք ունի միայն թուրքմենական մանաթը, որի վերջին արժեզրկումը գրանցվել է 2015թ.-ի հունվար ամսին:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա անցած երկու տարում առավել մեծ արժեզրկումը գրանցվել է նավթագազային երկրներում` Ռուսաստան (այստեղ փոխարժեքի տատանման պիկը 2014թ. դեկտեմբերին էր), Ղազախստան, Թուրքմենստան (ի դեպ, նշված ժամանակահատվածում ամենակայուն վարքը դրսեւորել է հայկական դրամը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով ընդամենը 2.1%-ով): Աղյուսակ 3-ից պարզ է դառնում, որ թեեւ հիշյալ երկրներում նավթագազային սեկտորը տնտեսության առանցքային շարժիչ ուժն է, սակայն ազգային արժույթների արժեզրկումը դրանցից եւ ոչ մեկում չի եղել այն չափով, ինչ Ադրբեջանում: Մնում է եզրակացնել, որ կամ Ադրբեջանի տնտեսությունն ամբողջապես կախված է նավթի գներից, չնայած Բաքվում առիթ չեն կորցնում՝ հայտարարելու, որ ոչ նավթային սեկտորը մեծ դեր ունի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ, կամ էլ Ադրբեջանում կա արժութային շուկայի կարգավորման լրջագույն խնդիր, եւ նավթային ճգնաժամը վերաճել է ֆինանսատնտեսականի, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը անկման մեջ:
Վերջինի նախանշաններ կարելի է համարել, օրինակ, 2016թ.-ին Ադրբեջանի բանկային համակարգի քայքայումը: Ընթացիկ տարում մեկ տասնյակ բանկեր են փակվել՝ չկարողանալով ապահովել կապիտալի նվազագույն պահանջը (50 մլն մանաթ) եւ չկատարելով վարկատուների հանդեպ պարտավորությունները: Բանկերի սնանկացման արդյունքում Ադրբեջանի ավանդների ապահովագրման ֆոնդից մոտ 630 մլն մանաթ է վճարվել ավանդատուներին: Այս ընթացքում կտրուկ աճել է նաեւ պետական պարտքի ցուցանիշը՝ կազմելով ՀՆԱ-ի 20%-ը, այնինչ մինչեւ 2014թ.-ը այն տատանվում էր 7-8%-ի սահմաններում: Տարեկան ինֆլյացիայի մակարդակը հասել է 12%-ի: Կենտրոնական բանկի միջազգային պահուստները նվազել են մինչեւ 4 մլրդ դոլար:
Այս բոլոր ցուցանիշները վկայում են, որ հարեւան Ադրբեջանը հայտնվել է տնտեսական անբարենպաստ դրության մեջ, եւ որ ամենակարեւորն է՝ նվազել է շարքային ադրբեջանցու գնողունակությունը: Դրա վկայությունն է երկրի արտաքին առեւտրաշրջանառության ծավալի 18%-ով անկումը: Բնակչության գնողունակության այնպիսի ցուցիչ, ինչպիսին թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալն է, 2016-ի 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 5.4 անգամ: Տարեվերջին վերանայվել եւ բարձրացվել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Ցուցանիշները կրճատվել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, իսկ ոչ նավթային ապրանքների արտահանումը նվազել է 20%-ով:
Ցուցանիշների շարքը կարելի է անընդհատ շարունակել, սակայն ամբողջական պատկերը հասկանալի կլինի միայն գալիք տարվա հունվար ամսին, երբ ամփոփվեն ողջ 2016թ.-ի տնտեսական տարվա ցուցանիշները: Այսօր ընդամենը կարող ենք արձանագրել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Ադրբեջանը տարին կփակի 2.35% տնտեսական անկմամբ, իսկ երկրի համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կկազմի շուրջ 35.7 մլրդ դոլար: Համեմատության համար կարելի է փաստել, որ այս ցուցանիշը 2014-ին մոտ 2 անգամ ավելի էր՝ 75.2 մլրդ դոլար:
Հարեւան երկրի տնտեսական դժվարությունները, բնականաբար, քննության առարկա չէին լինի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: Արդեն օրինաչափություն է, որ Բաքվի իշխանությունները ներքին խնդիրները փորձում են լուծել Արցախի հետ ռազմական դիմակայությունը սրելու ճանապարհով: Եվ եթե գալիք տարի Ալիեւի վարչակարգը բախվի սոցիալ-տնտեսական այն խնդիրներին, որոնք մասնագետներն արդեն իսկ կանխատեսում են, պետք է որ շփման գծում լարվածությունն ավելանա: Այնպես որ՝ լավ կլինի, որ թե Հայաստանի, թե Արցախի ռազմաքաղաքական իշխանություններն ամենայն ուշադրությամբ հետեւեն հարեւան երկրում առկա զարգացումներին:
ՀԱԿՈԲ ՍԱՖԱՐՅԱՆ
«Առավոտ»
24.12.2016