«Մեռած ավելների» գործով այս տարվա վերջին նիստը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, գալիք երկուշաբթի կհրավիրվի «Հավաքարարների գործով», կամ՝ «Մեռած ավելների գործով» դատական այս տարվա վերջին նիստը: Թվով քառասունվեցը:
52 հատորանոց քրեական գործով մեղադրյալների աթոռին կամ «կազմակերպված հանցավոր խմբի» կազմում «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության տասներեք աշխատակիցներ են՝ Արթուր Հովհաննիսյանը, նրա եղբայրը՝ Սամվելը, Արմեն Խաչատրյանը, Գագիկ Հարությունյանը, Հրայր Հակոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Գյուլիզար Շամոյանը, Սամվել Եղոյանը, Գարեգին Գասպարյանը, Հունան Տեր-Հովհաննիսյանը, Միսակ Հարությունյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Սամվել Պապոյանը: Բացի Արթուր Հովհաննիսյանից, բոլորի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Հայ արիների կողքին մի կին կա, ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանը, որը եղել է հավաքարարների բրիգադիր, փոխել է տասնութ գործկոմի նախագահ եւ՝ Երեւանի քաղաքապետ:
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Չի ստորագրել քննչական որեւէ գործողության տակ, չի տվել ցուցմունք:
Արթուրը եղել է ավագանու անդամ, համակարգել է ընկերության տնօրենի աշխատանքները, ղեկավարել աղբահան խմբերի աշխատանքները:
Ըստ եղբոր՝ Սամվելի ցուցմունքի, եղբայրը կարողացել է ձեռք բերել միայն «Մերսեդես» ավտոմեքենա: Ի դեպ, այդ մեքենան էլ վաճառվել էր մեկ այլ գնորդի, որի վրա արգելանքը վերացվեց դատական գործընթացի ժամանակ, քանի որ նա մեքենան վաճառել էր մինչ քրեական գործի հարուցումը:
1949թ. ծնված Գյուլիզար Շամոյանը ցուցմունք էր տվել, որ 2008-2013թթ. աշխատել է որպես աշխղեկ: Իրականում նա ղեկավարել է երկու բրիգադ, մեկը եղել է տղայինը՝ Ֆայզո Շամոյանինը, որը ներկայումս գտնվում է արտասահմանում:
Գ. Շամոյանը վարչակազմից պահանջել է, որպեսզի հավաքարարներին տրվի ձեռնոց, հագուստ, ավելներ, ասել են՝ չկա, եւ ըստ գործի նյութերի, Արթուր Հովհաննիսյանն ասել է՝ որպեսզի կարողանան ապահովել նշված իրերի ձեռքբերումը, հավաքարարների հաստիքների թիվը պետք է ավելացվի, իսկ Սամվել Եղոյանն էլ ասել է՝ կգտնեն ձեւական հավաքարարներ, կգրանցվեն ընկերությունում, իսկ հաշվապահ Խաչատրյանն էլ պետք է բանկային քարտ տրամադրեր նրանց, յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամի չափով գումար տար նրանց: Կային բրիգադներ, որոնք 400 հազար դրամ էին հանել բանկոմատներից:
Հավաքարարների աշխղեկներից մեկը հայտնել էր. «Մենք ամեն օր մաքրում էինք Կենտրոնի կարեւոր փողոցները, իսկ երկրորդական փողոցները մաքրել ենք մի քանի օրը մեկ: Երրորդական փողոցները չենք մաքրել. դրա հաշվին ունեցել ենք ձեւական գրանցված աշխատակիցներ»:
Ինչ վերաբերել է քաղաքի չմաքրվող տարածքների հետ կապված բողոքներին, այս կապակցությամբ, բրիգադիրները հայտնել էին, թե եղել են դեպքեր, երբ բողոքներ են եղել, ինչի մասին իրենց տեղեկացրել է Սամվել Հովհաննիսյանը. «Դրանից հետո իրենք հավաքարարներին տարել են տվյալ փողոցները եւ հանձնարարել այդտեղ մաքրել, դրա համար հավաքարարներին վճարել են հավելյալ գումար»:
Նմանատիպ դեպքերում Սամվել Հովհաննիսյանը զանգել է Գյուլիին ու ասել՝ «Մտեք ջեբերը», որը նշանակում էր՝ «մաքրել չմաքրվող տարածքը»:
Ըստ աշխղեկներից մեկի, ամեն տարի ձեւական ունեցել են ինը կամ տասը բանկային քարտ՝ ձեւական գրանցված աշխատակիցների անվամբ:
Ի դեպ, մինչ օրս ցուցմունք չի տվել Հրայր Հակոբյանը: Նա նախաքննության ժամանակ էլ հրաժարվել է ցուցմունք տալ:
Ռոբերտ Խաչատրյանն ընդհանրապես չի տեսել հավաքարարներին՝ լինելով աշխղեկ:
Ավելին՝ մի «մեղք» էլ է գործել. «Սամվել Հովհաննիսյանի պահանջով զեկուցագիր է գրել այն մասին, որ Ս. Աբադյանը եւ Մ.Հովակիմյանը որպես լավ աշխատակիցներ պարգեւատրվեն»:
Կադրերի բաժնի պետ Սամվել Պապոյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Նա ցուցմունք էր տվել, որ սանիտարական աշխատանքները կատարելու համար 155 հավաքարարի հաստիք է եղել՝ իրենց դրույքաչափերով, որը կախված է եղել մաքրվող տարածքների չափերից:
22-ը նախատեսված է եղել փոխարինողների համար, գործել է չորս բրիգադ:
Այս վկան հիշել էր, որ դեռ երեք տարի առաջ, Արթուր Հովհաննիսյանն իրեն ասել է, թե Սամվել Եղոյանի դեմ բողոք է եղել ոստիկանությունում, քանի որ 30-35 անձ գրանցված չեն եւ կադրերի բաժնի պետին Արթուր Հովհաննիսյանը հանձնարարել է, որպեսզի տասնական անձի ազատեն:
Դատարան ներկայացած Թելի Ավդալյանը նախորդ դատական նիստի ժամանակ ասաց, թե հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Նա չէր հիշում, թե բանկոմատից գումար ստացել է, թե ոչ, հավաքարար քանի ամիս է աշխատել:
Իր ասելով. «Ինձ բերին գցին անցումի տակ, մի օր աշխատեցի, շինարարություն էր այնտեղ ընթանում»: Հետո երբ հրապարակվեց նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը, պարզվեց, որ մոտ չորս ամիս աշխատել է, փորձեց արդարանալ, թե երբ գնաց քննիչի մոտ, նա գրել, պատրաստել էր ցուցմունքը, քանի որ ինքը գրել-կարդալ չգիտի, ստորագրել է ու դուրս եկել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
24.12.2016