Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է հուշում «Սոդոմի PR-ը»

Դեկտեմբեր 26,2016 13:00

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի «Սոդոմի PR-ը» հետաքրքրաշարժ եւ ինքնատիպ վեպ է, այնպիսի սրընթաց զարգացումներով, որ ասես տպավորիչ արկածային ֆիլմի սցենար լինի: «Սոդոմի PR-ը» մարդկային մոլուցքների, ընչաքաղցության, հավատարմության, հարուստների հաճույքների, համաքրիստոնեական ճշմարտությունների ու բոլորի մասին է: Բնականաբար, նաեւ PR-ի եւ տեղեկատվական հոսքերի հետ աշխատանքի նրբությունների, PR-ի ու տեղեկատվական հնարքների միջոցով մարդկանց «խաղացնելու» մասին է:

Գլխավոր հերոսներից մեկը Վիկտորն է, ոչնչով աչքի չընկնող մի հաստատության անվտանգության աշխատակից, ձախողակի մեկը, որից հեռացել է կինը, որից ուզում են րոպե առաջ ազատվել աշխատավայրում: Թվում է` անփող ու ոչնչով աչքի չընկնող տղամարդը որեւէ մեկին պետք չէ, բայց չէ, նրա կարիքը ոմանք ունեն, օրինակ, ասես գետնի տակն անցած մեծահարուստ ու ազդեցիկ ընկերոջ` Սերգեյի կինը` Յուլյան:

Վիկտորը պիտի փորձի գտնել TMG oil նավթային ընկերության հետ առնչություն ունեցած Սերգեյին, ու դրա համար պիտի հասնի Եվրոպա, ամենաանհեթեթ պայմաններում ծանոթություններ հաստատի կասկածելի մարդկանց հետ, հայտնվի ամենատարօրինակ վայրերում ու պատմությունների առանցքում` ընդհուպ մարիխուանա, սեռական ակտ բեմի վրա` թատերական ներկայացման ընթացքում: Պիտի ծանոթանա ամենատարօրինակ տեսությունների, օրինակ, որ մարդիկ բաժանվում են երկու տեսակի, նրանք կամ կով են, կամ եղջերու: Ընդ որում, այդ տեսության հեղինակի կարծիքով, «կովերը», «եղջերուներից» ավելի օգտակար ու արժանապատիվ մարդիկ են: Եվ որ ամենածիծաղելին է, Վիկտորին էլ են դասում կովերի շարքում: Նա այդպիսին է` հասնող, աջակցող, երբեմն՝ անձնազոհ, բայց ոչ` միամիտ…

Վեպում մեկ այլ տեսակետ էլ կա` ամեն ինչ չէ, որ փողի վրա է հիմնված, կարեւորը նպատակն է, իսկ նրանք, որոնց երազանքը միայն փողն է, ծույլ են եւ երեւակայությունից զուրկ, իսկ դատարկագլուխ փողատերերը մարդկանց ամենավտանգավոր տարատեսակն են: Վեպում մեր այսօրն է, մեր իրականությունը…

«Սոդոմի PR-ը» գրքում մի դրվագ կա, որտեղ հերոսին բացատրում են, թե ինչպես կարելի է ամենավտանգավոր ու ամենակործանարար գաղափարը, դիցուք, կանիբալիզմը, ի վերջո ընդունելի դարձնել, նույնիսկ անհրաժեշտ ու նույնիսկ գիտականորեն էլ հիմնավորել: Ընդ որում, այդ գործընթացին կարող են նպաստել լսարանի խնդիր ունեցող բլոգերներն ու ԶԼՄ-ները, ավելի ճիշտ, հերոսի ձեւակերպմամբ` ապոկալիպտիկ ժուռնալիստիկայի հետեւորդները…

Վեպում պատմությունն ավարտվում ու հանգուցալուծում է գտնում Հայաստանում` հինավուրց Գեղարդավանքում: Հենց այստեղ էլ բացահայտվում է Սերգեյի անհետացման առեղծվածը: Վիկտորի ճակատագիրն էլ ուրիշ ընթացք է ստանում` Սերգեյի կնոջ գրկում: Այդպիսին է կյանքը` մեկի աստղը մարում է, մյուսինը կրկին փայլատակում, բացի այդ, մեռնողի «հասանելիքը» միայն ողորմին է…

Վեպի հիմնական գծերից մեկը, որ տարբեր ենթատեքստերով անընդհատ շրջանառվում է, հանգում է հետեւյալին` կարեւորը չսխալվելն է, ամենակարեւորը` մասսայականորեն չսխալվելը՝ հանկարծ չլինի այնպես, ինչպես հայտնի պատմության մեջ` ժողովուրդը պահանջեց ազատել հանցագործ Բարաբային, իսկ Հիսուսին խաչը բարձրացնել:
Գրքի մասին այլ փակագծեր չենք բացի, որովհետեւ այն կարդալ է պետք: Բացի այդ, ինչպես հերոսներից մեկն է ասում. «Մանրամասների մասին չեն տեղեկացնում, մանրամասները մարդիկ իրենք են քչփորում»:

Գուցե Նարեկ Մալյանը չհամաձայնի, բայց մեր տպավորությամբ, «Սոդոմի PR-ը» վեպում որոշ չափով նկատելի է Կաֆկայի ու Բուլգակովի ազդեցությունը, իսկ ընդհանուր առմամբ՝ այն կրում է հեղինակի ինտելեկտի ու մասնագիտական փորձի դրոշմը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031