Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում. Հուսանք, որ Բելառուսը «քաղաքակրթության» աշխարհաքաղաքական շահերի այդ շարքին չի դասի Լապշինին

Դեկտեմբեր 26,2016 12:40

Բելառուս ժողովրդին,
Բելառուսի Հանրապետության ղեկավարին
Ադրբեջանական ԽՍՀ-ից
փախստականների համագումարի կողմից

ԴԻՄՈՒՄ

Երբևէ Խորհրդային ժողովուրդ կոչվածների գիտակցության մեջ Բելառուսը` իր ժողովրդի մարդկայնության, Հայրենական մեծ պատերազմում կրած սարսափելի զրկանքների, ինչպես ԽՍՀՄ շրջանում (նույնիսկ լճացման տարիներին, երբ թվում էր, թե ամեն ինչ թաղված է կաշառակերության տիղմում), այնպես էլ հետսովետական շրջանում, (երբ գրեթե բոլոր հետխորհրդային երկրների առաջնորդների համար ագահությունն ու ծախվածությունն այցեքարտ էին դարձել) իր ղեկավարների ազնվության ու պատասխանատվության շնորհիվ, առանձնահատուկ համարում ուներ:
Ուստի մեզ համար առավել ցավալի է Բելառուսը տեսնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովուրդների ողբերգության մեջ մեղավոր «քաղաքակիրթ» երկրների շարքում:
Հուսով ենք, որ Բելառուսի դիրքորոշումը պայմանավորված է խնդրի էության չիմացությամբ, ոչ թե սեփական բարեկեցությունը միլիոնավոր մարդկանց արյան վրա կառուցողների շարքն անցնելով:

ՓԱՍՏԵՐԸ.

– Մենք`Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներս, հազարամյակներ շարունակ մեր նախնիների հայրենիքում բնակվող տարբեր ազգությունների, տարբեր կրոնական, սոցիալական և քաղաքական խմբերի պատկանող մարդիկ ենք:

– Մեզանից ոչ մեկը չի մասնակցել Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի կողմից` մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ տեղափոխելու վերաբերյալ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդին ուղղված դիմումի նախապատրաստությանը: Այդուհանդերձ, այդ դիմումից անմիջապես հետո, Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում, Նախիջևանում, Ադրբեջանի բոլոր շրջաններում Ղարաբաղից դուրս բնակվող բոլոր հայերը չգիտես որտեղից հայտնված մարդանմանների կազմակերպված խմբերի կողմից անմարդկային հալածանքների ենթարկվեցին, շատերը սպանվեցին: Միայն 27 տարի անց միջազգային հանրությունը ԻՊ-ի նման կառույցները սկսեց որակել որպես ահաբեկչական: Այն ԻՊ-ն, որ մենք տեսել ենք քսանյոթ տարի առաջ ներկա ԻՊ-ից տարբերվում էր իր դաժանությամբ ու անմարդկայնությամբ:

– ԽՍՀՄ տարածքում ինքնավար կազմավորումների` Աբխազիայի, Չեչնիայի, Օսեթիայի, Մերձդնեստրի, Ղրիմի կողմից նման բազմաթիվ դիմումներ են եղել, սակայն դրանցից հետո Թբիլիսիում ոչ մի աբխազ չի սպանվել, Մոսկվայում չի սպանվել ոչ մի չեչեն, մինչդեռ Ղարաբաղի դիմումից հետո հայերին սպանում էին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում, և բռնության ու սպանությունների այդ մթնոլորտը ապրելու անտանելի պայմաններ էր ստեղծում նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող այլ ազգությունների (ասորիների, հույների, ռուսների, հրեաների), կրոնական ու սոցիալական խմբերի համար:

– Այդ Ադրբեջանից փորձում էին փախչել ու փրկվել և´ հայերը, և´ այլոք` այդ թվում նաև այն ադրբեջանցիները, ում համար անտանելի էր վայրի բռնության այդ մթնոլորտը: Այս ամենը պետք է զգաստացներ ԽՍՀՄ պատասխանատու ղեկավարների` ինչպես միութենական, այնպես էլ հանրապետական մակարդակներում, և ստիպեր հասկանալ, թե ինչպես կարող էր ՊԱԿ-ի, ՆԳՆ-ի և տոտալ վերահսկողություն իրականացնող այլ կառույցների առկայության պարագայում, միութենական հանրապետու¬թյուններից մեկում ԻՊ առաջանալ: Ում կողմից և ինչ նպատակով էր ստեղծվել այդ կառույցը, ինչ կապ ունեին այն ստեղծողներ ԽՍՀՄ փլուզման հետ: Մենք` ԻՊ-ից փախչողներս, փորձում էինք մեր ընտանիքները, մեր երեխաներին փրկել բռունցքներով, և միայն սարսափելի զոհեր տալուց (մերօրյա ԻՊ-ն հղի կանանց որովայնը չի պատռում, մայրերին չի բռնաբարում զավակների աչքի առջև, այլ պարզապես գլխատում է նրանց) կարողացանք ջարդարարներից մեր պաշտպանությունը կազմակերպել այն տարածքներում, որոնք այսօր ԼՂՀ են կոչվում:

– ԼՂՆ-ն առաջացավ որպես ԻՊ-ի կողմից իրականացվող ցեղասպանությանը դիմակայելու փորձ, ընդ որում այն ժամանակ, երբ Բաքուն հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի համաձայն, ինքնավարությունը` առանց սպասելու օրենքով պահանջվող հանրապետական հանրաքվեի և դրա արդյունքում ինքնավարությունների վերաբերյալ առանձին վճիռներին, ինքնուրույն անցկացրեց իր հանրաքվեն: Սակայն չստացավ դրա հաստատումը ԽՍՀՄ ղեկավարության կողմից, որը խաթարվել էր Սովետական Միության գոյությունը դադարեցնելու մասին հայտարարած երեք անպատասխանատու անձանց` Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնության արդյունքում:

– Այդ մարդկանց մենք ոչ միայն անպատասխանատու, այլև` հանցակից ենք համարում, որովհետև միութենական հանրապետությունների ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքն այնպես էր ստեղծված, որ բացառում էր ինքնավարություններում արյունալի իրադարձությունները և անարյուն բաժանման ալգորիթմ էր ստեղծում, որի պարագայում ինքնավարությունների բնակչությունը հանցավոր մտադրությունների պատանդ չէր դառնում: Վերոհիշյալ անձինք, եթե նույնիսկ ինչ-որ պատճառով չէին ցանկանում հենվել ԽՍՀՄ օրենքներին, պարտավոր էին մշակել գործողությունների այնպիսի համակարգ, որը ինքնավարությունների բնակչությանը թույլ կտար խուսափել արյունոտ հաշվեհարդարից: Ուստի նրանք պատասխանատու են հարյուր հազարավոր մարդկանց տառապանքների ու նահատակության համար:

– Բելառուսի նոր ղեկավարությունը, տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը գիտակցելով, պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրեր` առավել ևս հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Թվում էր` այդպես էլ պետք է լինի: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում Բելառուսը, «քաղաքակիրթ» երկրների շարքը դասվելով, որոնք սովոր են իրենց նպատակներին հասնել մարդկանց արյան և տառապանքների գնով, նրանց հետ միասին քվեարկեց մեր բնակության վայրերը «բռնազավթած տարածքներ» հայտարարելու օգտին` դրանով իսկ օրինականացնելով մեր զավակների սպանությունը` մեզ տեղահանվածներից փախստականների վերածելով: Այլ միջազգային արնախումների հետ միասին Բելառուսը Ադրբեջանի իշխանությունը զավթած ԻՊ-ին նորագույն զենքեր է մատակարարում:

Սա է մեր տարածաշրջանում տեղի ունեցածի էությունը, ինչը դուք, հուսանք, ընդամենը աչքաթող եք արել: Մնացածը մենք պատրաստ ենք պատմելու Ձեր Դեսպանին և ներկայացնելու ցանկացած բացատրություններ և փաստաթղթեր, որպեսզի օգնենք Բելառուս ժողովրդին և նրա ղեկավարությանը ճիշտ դիրքորոշում ընտրելու:

Հ.Գ. Մեզ խոր ցավ պատճառեց Բելառուսում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին լուրը: Նա մեկն է այն հազվագյուտներից, ով փորձում է տեսնել ու հասկանալ մեզ և ճշմարտությունը հասցնել աշխարհին: Ադրբեջանում այսօր բազում պատանդներ կան: ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված յուրաքանչյուր հայ անմիջապես ձերբակալվում է, և նույնիսկ աշխարհաքաղաքական հեռանկարներով զբաղված «Մեծ Ռուսաստանը» կարծես թե գործ չունի իր քաղաքացի Մարատ Գալստյանի հետ, ով արդեն քանի ամիս է, ինչ բանտարկված է Բաքվում: Հուսանք, որ Բելառուսը «քաղաքակրթության» աշխարհաքաղաքական շահերի այդ շարքին չի դասի Լապշինին և կազատի նրան:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի
համակարգող Մարիամ Ավագյան

«Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ Մարտին Իսրայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031