Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին հայկական շախմատի համար անցավ փոփոխական հաջողություններով

Դեկտեմբեր 26,2016 12:30

Հայաստանի առաջատար մի շարք շախմատիստներ այս օրերին հանդես են գալիս մի շարք միջազգային մրցաշարերում, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը պատրաստվում են դեկտեմբերի 26-ին Դոհայում մեկնարկող արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: «Առավոտն», այնուամենայնիվ ՀՇՖ գլխավոր քարտուղար Աշոտ Վարդապետյանին խնդրեց ամփոփել անցնող տարին:
«2016 թվականը հայկական շախմատի համար անցավ փոփոխական հաջողություններով: Խոշորագույն մրցաշարերում մենք նոր նվաճումներ չունեցանք, որի պատճառներից մեկն այն էր, որ շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում էր Բաքվում եւ մեր շախմատիստները հասկանալի պատճառներով չմասնակցեցին:

Այդ պատճառով ֆեդերացիայի հիմնական ուշադրությունը բեւեռված էր Լեւոն Արոնյանի վրա, սակայն մեր առաջատարը մեզ չուրախացրեց: Մոսկվայում հավակնորդների մրցաշարը լավ սկսելով՝ նա երկրորդ հատվածն անցկացրեց իր հնարավորություններից ցածր եւ դրանից հետո էլ խոշոր մրցաշարերում շատ հաջողությունների չհասավ: Բայց մեզ ուրախացրին, այսպես ասած, միջին գոտու երիտասարդ շախմատիստները, որոնք մի շարք մրցաշարերում գրավեցին առաջին տեղեր, նվաճեցին այլ մրցանակներ ու կոչումներ: Նրանք մեզ հույս են ներշնչում, որ մենք ապագայում նոր թարմացում կունենանք հավաքականում եւ նոր արդյունքներ կարող ենք ակնկալել: Շատ մեծ նշանակություն ուներ նաեւ պատանեկան դաշտը: Այստեղ ունեցանք շատ զգալի հաջողություններ: Տարին եզակի էր այն առումով, որ այս տարիքային խմբում ունեցանք թե աշխարհի, թե Եվրոպայի չեմպիոններ: Մասնավորապես, արցախցի Մանուել Պետրոսյանը 18 տարեկանների մեջ նվաճեց Եվրոպայի, այնուհետեւ, աշխարհի չեմպիոնի կոչումը: Սա այն տարիքն է, երբ նրանից արդեն հաջորդ տարի սպասելիքներ ենք ունենալու մեծահասակների մեջ: Երկրորդը աշխարհի չեմպիոն դարձավ 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը, որը նույնպես պատրաստվում է ոտք դնել մեծահասակների տարիքային խումբ: Ի դեպ, Հայկը Եվրոպայի առաջնությունում հանդես գալով ավելի բարձր՝ 18 տարեկանների մեջ, ճիշտ է, լրացուցիչ գործակիցներով մեդալի չարժանացավ, բայց վաստակած միավորներով բաժանեց 3-րդ տեղը:

Ինչ վերաբերում է կանանց, նրանցից երկուսի՝ ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանի ու Մարիա Կուրսովայի հաղթանակները ոչ թե մարզական են, այլ անձնական: Նրանք երկուսն էլ այս տարի մայրացան. Էլինան առաջին անգամ, Մարիան՝ երկրորդ: Այս տարվա հաջողությունների մեջ կարելի է մտցնել Լիլիթ Մկրտչյանի բրոնզե մեդալները Եվրոպայի անհատական եւ «Յուգրայի» կազմում՝ Եվրոպայի ակումբային առաջնությունում: Ի դեպ, Եվրոպայի անհատական առաջնության բրոնզը նրան նաեւ աշխարհի հաջորդ առաջնության ուղեգիր է բերել», – ասաց Աշոտ Վարդապետյանը:
Հարցին, թե Հայաստանը ազգաբնակչության հաշվարկով լինելով աշխարհում ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրորդ երկիրն Իսլանդիայից հետո, ի՞նչն է պատճառը, որ այդ երիտասարդները հետագայում ավելի մեծ առաջընթաց չեն գրանցում, պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Մի քանի պատճառներ կան: Ու դա բնութագրական է ամբողջ աշխարհին: Չնայած շախմատը շատ է երիտասարդացել, հին անունները, որոնց տեսնում ենք 10, 20 եւ ավելի տարի, վերնախավում հիմնականում չեն փոխվում: Իմ գնահատմամբ, շախմատը սխալ ճանապարհով է գնում, որովհետեւ այսօր համակարգիչը թելադրում է իր մոտեցումը, նախապատրաստվելու իր ձեւը: Եվ երիտասարդները, որոնք ավելի լավ են տիրապետում համակարգչին, արագ հաջողության են հասնում: Բայց երբ գալիս է պահը, որ պիտի անես հաջորդ քայլը շախմատային վերնախավ մտնելու համար, այդտեղ շատ մեծ նշանակություն ունեն շախմային գիտելիքները, որտեղ պետք է հասկանաս բուն շախմատային խաղի ռազմավարությունը: Այստեղ է, որ երիտասարդները սկսում են զիջել: Տեսեք, մրցաշարերում նրանք սկզբնախաղի առաջին 20 քայլերը, որ «սովորել» են համակարգչից շատ արագ են անցնում, հետո, երբ արդեն պիտի աշխատի մարդու շախմատային գիտելիքները, այդտեղ որոշակիորեն դժվարանում են: Հաղթանակի որպես կանոն հասնում են նրանք, ովքեր լավ տիրապետում են շախմատային գիտելիքներին: Դրա համար էլ երիտասարդները շատ արագ հասնում են հաջողությունների, սակայն շատ քչերին է հաջողվում կատարել հաջորդ քայլը՝ մտնել շախմատային վերնախավ»:

Աշոտ Վարդապետյանը անդրադարձավ նաեւ այլ խնդիրների, որոնք կներկայացնենք Atavot.am կայքում:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ»

24.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031