Բնապահպան Սիլվա Ադամյանի բնորոշմամբ, Իրանի նախագահի կողմից, Հայաստանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ շատ ճիշտ նկատառում է եղել:
«Պետք է Հայաստանի իշխանություններն ադեկվատ ռեակցիա տան ու փորձեն լուծել այդ խնդիրը»,- այս կարծիքին է Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, թե «Մենք քննարկեցինք նաև բնապահպանության ոլորտին վերաբերող հարցեր: Կարևորեցինք Արաքս գետի աղտոտման հարցի կարգավորումը, քանի որ այդ գետը մեր տարածաշրջանի հարստությունն է: Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այդ հարցը լուծում կգտնի»:
Տիկին Ադամյանը նկատեց, որ Արաքս գետի ոչ միայն աղտոտվածության հարցն է խնդիր, այլեւ որոշակի ժամանակ առաջ գետի ափերից ահռելի մեծ քանակություն էին դուրս բերում. «Հետաքրքիր է՝ բնապահպանական խնդիրները հարեւան պետությունների կողմից են բարձրաձայնվում, այդ խնդիրն, իսկապես, կա:
Կարդացեք նաև
Ես լիովին համաձայն եմ, որ այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն եւ միջպետական ծրագրեր իրականացվեն տարածաշրջանային խնդիրները լուծելու համար: Այստեղ միայն գետերի խնդիրը չէ, կա նաեւ կենդանական տեսակների արտագաղթի խնդիր: Իրանն այն երկրներից է, որտեղ մեծ քանակութամբ հետաքրքիր կենդանատեսակներ կան, իսկ Հայաստանի լանդշաֆտային փոփոխությունները բերում են նրան, որ որոշակի կենդանատեսակների կազմեր կարող են հեռանալ ուղղակի Իրան, սա մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, քան թե Իրանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ