2017-ին ընդառաջ նաև Քաշաթաղի շրջանում կայանում են տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շնորհավորում են գալիք Ամանորի առթիվ և մանուկներին նվերներ բաժանում: Գլխավոր տոնական միջոցառումը կայացավ շրջվարչակազմի մոտակա հրապարակում տեղադրված տոնածառի մոտ:
Բերձորից ու մոտակա բնակավայրերից այստեղ էին եկել շատ մանուկներ, ովքեր մասնակիցը եղան ուրախ հանդեսին և տուն գնացին նվերներով: Ներկա էին շրջվաևչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, վարչությունների ու բաժինների, քաղաքում գործող կազմակերպությունների ղեկավարներ, աշխատակիցներ: Ինչպես միշտ այս անգամ ևս քաշաթաղցիների հետ էր Քաշաթաղի բարեկամ, Բերձորի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բարերար Գուրգեն Մելիքյանը, ով շրջանի կազմավորման սկզբից ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը և շատ ու շատ ընտանիքների է օգնել, աջակցել է շրջանի կայացման բազում հարցերում:
Կարդացեք նաև
Այս անգամ ևս Գ. Մելիքյանը եկել էր՝ բերելով 600-ից ավելի տոպրակ նվերներ, որոնք բաժանվեցին երեխաներին: Բերձորցի մանկապարտեզահասակ, սակայն մանկապարտեզ չհաճախող երեխաների համար նվերներ էր հատկացրել ԼՂՀ Կրթության և սպսրտի նախարարությունը: Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին ու ուրախ պահեր պարգևեցին Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի, երգի բաժնի սաները: Ողջույնի խոսքով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Շնորհավորելով գալիք Ամանորի առթիվ՝ նա անդրադարձավ 2016 թվականին շրջանի ձեռքբերումներին: Նշեց, որ տարվա ընթացքում շրջանում ծնվել է 222 երեխա:
Խոսելով ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասին՝ նշեց, որ այս հարցում ևս շրջանի բնակչությունն աչքի ընկավ հայրենասիրությամբ, 1200-ից ավելի կամավոր մեկնեց առաջնագիծ, ցավոք, ունեցանք նաև 1 զոհ: Սական բանախոսն ասաց, որ պատերազմական իրադարձությունները չխանգարեցին, որ քաշաթաղցին արարի, բարիք ստեղծի: Եվ պատահական չէ, որ հոկտեմբերին Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին դարձյալ ամենաշատ բերք ու բարիք Քաշաթաղից էր բերված:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Գուրգեն Մելիքյանը: Կարևորեց քաշաթաղցիների դերը Արցախի այսօրվա կյանքում՝ նշելով, որ ազատագրված տարածքները հայրենիք չէին դառնա, եթե հողի վրա հայը չապրի: Ուրախությամբ նշեց, որ յուրաքանչյուր տարի զգում է առաջընթաց շրջանում, հատկապես կարևորեց մանուկների ներկայությունը, ովքեր այս երկրի վաղվա տերն են ու շենացնողը: Ելույթնորից հետո երեխաները հրապարակ կանչեցին Ձմեռ Պապին ու Ձյունանուշին, և սկսվեց ուրախ հանդեսը՝ շուրջպար տոնածառի մոտ, երգ ու ասմունք:
Տոնական հանդեսից հետո Բերձորի հյուրատանը կայացավ Գուրգեն Մելիքյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Բերձորի պետական մանկապարտեզի(տնօրեն՝ Իննա Բաբայան) կողմից՝ շրջվարչակազմի աջակցությամբ: Մեծ հուզմունքով 80-ամյա բարերարը դիմավորեց ակնկալը, որի մասին չգիտեր: Փոքրիկներն իրենց ելույթներով՝ հոբելյարին նվիրված խոսքեր, ասմունք, երգ ու պար, ողջունեցին, ինչպես քաշաթաղցի բոլոր մանուկներն են ասում, Գուրգեն պապիկին և նրա ուղեկիցներին: Այնուհետև ներս բերվեց տոնական տորթը, որի վրա 80 թիվն էր գրված, ու վառվող մոմեր: Հուզված ու անակնկալի եկած բարերարը հայտնեց շնորհակալություն, մաղթեց, որ խաղաղության մեջ հասակ առնեն այս փոքրիկները, որ հաջողությունների տարի լինի 2017-ը: Միջոցառմանը ներկա էր նաև Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլ. Կասյանը, ով նույնպես բարձր գնահատեց Գ. Մելիքյանի դերը Քաշաթաղի և առհասարակ Արցախի կյանքում, մաղթեց բարին, և որ հաջողությունների, խաղաղության, բերքառատ տարի լինի գալիք 2017-ը, որ իրենց երազանքին հասնեն բոլոր երեխաները:
Զոհրաբ Ըռքոյան