Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան մրցաշրջանը երրորդ տարին անընդմեջ եզրափակեց հովանավոր «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի» գավաթի առաջնությունով:
Ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ սա տարվա ընթացքում կատարած աշխատանքի յուրօրինակ ամփոփում է: Ու չնայած նախատեսված բոլոր միջոցառումները իրականացվել են, սակայն արդյունքների առումով ինքն այնքան էլ գոհ չէ, որովհետեւ հնարավոր էր ավելիին հասնել: Գլխավոր պատճառը ֆեդերացիայի փոքր բյուջեն է, որը հնարավորություն չի տալիս հավասարապես զբաղվել եւ մեծահասակներով, եւ երիտասարդներով եւ պատանիներով:
«Դրա համար մենք հիմա հիմնական ուշադրությունը բեւեռում ենք պատանիների վրա, որոնք հայկական սեղանի թենիսի ապագան են լինելու», – ասաց ֆեդերացիայի նախագահը եւ ավելացրեց, որ այսօր արդեն կան 12-13 տարեկան պատանի չորս թենիսիստներ, որոնք եվրոպական մակարդակի խաղ են ցուցադրում եւ ճիշտ ու նպատակասլաց աշխատելու դեպքում նրանք ի վիճակի կլինեն ոչ միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել, այլեւ բավականին լավ խաղալ:
Կարդացեք նաև
Խոսելով «Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի» առաջնության մասին՝ Ֆելիքս Սարգսյանն ասաց նաեւ, որ դրան նախորդել են Գեղամ Վարդանյանի՝ պատանեկան եւ Հարություն Հակոբյանի հուշամրցաշարերը, որոնցում մինչեւ 12-րդ տեղերն զբաղեցրած տղաներն ու աղջիկները այստեղ հանդես գալու իրավունք են նվաճել:
Առաջնության հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան. տղաներ՝ Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան եւ Ռուբեն Գայբակյան, աղջիկներ՝ Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան եւ Ռուբինա Վարդանյան: Բոլոր մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների եւ դրամական խրախուսանքի, իսկ հաղթողները՝ նաեւ գավաթի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ