Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանի բաց նամակը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նամակի հեղինակներին

Դեկտեմբեր 25,2016 19:53

Սիրելի Հայրենակիցներ

Մենք առանձնահատուկ ուշադրությամբ կարդացինք Ձեր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» կոչը և ամբողջությամբ կիսում ենք Ձեր մտահոգություններն ու սպասումները:

Երբ դաժան փորձության և դեմոգրաֆիկական ծավալուն տեղաշարժերի պատճառով Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ երեք անգամ ավելին է դարձել, քան հայաստանաբնակներինը՝ աշխարհով մեկ համախմբման, մեր ջանքերի համադրման, մեր գումարային ներուժի արդյունավետ օգտագործման խնդիրներն իրոք առավել քան հրատապ են դարձել:

Ձեզ հետ միասին մենք էլ ենք գտնում, որ Գլոբալ հայերի ապագայի կերտման հարցերը այսօր պետք է լուծվեն և որ ներկայումս խիստ նպաստավոր պայմաններ են ստեղծվել դրա համար:

Այսօր, երբ դարավոր ընդմիջումից հետո մենք վերջապես ունենք ինքնիշխան պետություն և Արցախն էլ փաստացի ազատագրվել է օտարի լուծից: Երբ Հայաստանը պատրաստ է, պարտավոր է և կարող է իրոք դառնալ բոլոր հայերի հայրենիքը և նպաստել, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահով, ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով.

Այսօր, երբ համաշխարհայնացման արդի գործընթացներում աշխարհի հզոր շատ երկրներ և միջազգային ազդեցիկ կազմակերպություններ՝ բազմամշակութային միջավայրի առավելությունները հաշվի առնելով ոչ միայն չեն խոչընդոտում, այլ իրենք են հետևողականորեն պարտադրում են, որ ամենուրեք` ռասայական խտրականությունն ու քսենոֆոբիան արգելվեն, պաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները և ժողովուրդները մեծ թե փոքր՝ եթե քայլում են ընդհանուր հունով իրենց առանձնահատկությունների պահպանմամբ, իրենց յուրահատուկ դերակատարումը ունենալով մասնակցեն քաղաքակրթության համընդհանուր առաջընթացին.

Այսօր, երբ տեղեկատվության, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հեղափոխական զարգացման այս դարում անհամեմատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել, որ մեր ազգակիցները` անկախ հեռավորությունից, բնակության վայրից առանց դժվարության հաղորդակցվեն միմյանց հետ, ձևավորեն որոշակի խնդիրների լուծմանը նպաստող , հեռակառավարվող աշխատանքային խմբեր և համացանցի, սոցիալական ցանցերի օգնությամբ աշխարհով մեկ կազմավորել իրենց առանձնահատկությունների պահպանմանը, համագործակցությանն ու փոխօգնությանը նպաստող արդյունավետ կառույցներ.

Իրոք այլևս հապաղել չի կարելի, մենք բոլորս ենք պարտավոր համատեղելով ջանքերը կազմավորել, միաձույլ, ամբողջական, արդյունավետ, նպատակային գործունեության ունակ մի հզոր Ազգ կազմակերպություն՝ իր մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

Սիրելի հայրենակիցներ մեկ անգամ ևս ողջունելով Ձեր նախաձեռնությունը անհրաժեշտ ենք համարում Ձեզ տեղեկացնել մեր կողմից արդեն ձեռնարկված քայլերի մասին:

ՀՀ Հանրային խորհուրդի հանձնարարությամբ նրա աշխատանքային խմբի կողմից մշակվել է՝

Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցի, նրա Համազգային խորհրդի, Գործադիր խորհրդի, հանձնախմբերի, ծառայությունների, փոխաջակցման խմբերի և դրանց ձևավորման կարգի մասին՝ իրագործման ռեալ հնարավորություններ ընձեռող ծրագրեր, որոնք արդեն ներկայացվել են ՀՀ նախագահին, Կառավարությանը և ընդհանուր գծերով արժանացել հավանության:

Հանրությանը այդ ծրագրերը ներկայացնելու, դրանց վերջնական լրամշակման, բարելավման համար՝ բոլոր մոտեցումներն ու դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով մեր կողմից ձևավորվել է armnational.am տեղեկատվական կայքը, որտեղ արդեն տեղադրվել են (ցավոք սրտի, դեռ միայն հայերենով) վերը նշված կազմավորումների մասին առկա բոլոր մշակումները և առաջիկայում նախատեսվում է կայքի հատուկ ձևավորվող բաժնում կազմակերպել լայնամասշտաբ քննարկումներ:

Համոզված, որ Ձեր դիտողություններն ու առաջարկները խիստ օգտակար կլինեն խնդրում ենք քիչ ժամանակ հատկացնել, ծանոթանալ այդ նյութերի հետ և գոնե հեռակա կարգով մասնակցել քննարկումներին:

Հարգարժան ազգակիցներ՝ հույսով ենք, որ Դուք էլ ակտիվորեն կներգրավվեք այս ազգանպաստ գործընթացում և Ձեր հնարավորությունները օգտագործելով կնպաստեք, կաջակցեք, որ մեկնարկը հնարավորիս շուտ տրվի, առաջիկայում ամենալայն մասնակցությամբ գումարվի Համազգային այդ կառույցի կազմավորման հիմնադիր համագումարը:

Մեր ժողովրդի ապագայի հարցերը հիմա են լուծվելու, ժամանակն է խոսքից անցնել գործի, լիարժեք օգտվել ներկայումս առկա, բարենպաստ պայմաններից: Ժամանակն է, որ կարողանանք աշխարհով մեկ ձևավորել մի այպիսի հզոր Ազգ կազմակերպություն, որը առաջընթացի բոլոր նախադրյալները կստեղծի, կապահովի, որ մենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավենք քաղաքակրթական արդի զարգացումներում:

 Աշխատանքային խմբի անունից

 ՀՀ Հանրային խորհրդի անդամ՝ Արշակ Սադոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031