Դեկտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր մշակութային-հայրենասիրական բնույթի միջոցառում՝ ՀՀ ԶՈՒ 5-րդ կորպուսի զինվորների մասնակցությամբ: Հանդիպումը կայացավ ՀՀ ԶՈՒ բանակի հոգևոր հովվության եւ ՊՆ-ի հետ համատեղ՝ երիտասարդներին զինվորական ծառայության գրավչությունը ներկայացնելու ծրագրի շրջանակներում:
Բանակի հոգեւոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի մեկնարկած ծրագրի շրջանակում Հայ եկեղեցու թեմերում իրականացվել են մի շարք միջոցառումներ, հանդիպումներ նորակոչիկների հետ. «Դա հայրենասիրության եւ հավատքի սերմերը տարածող գաղափարական աշխատանք է, որի արդյունքները գնահատելը դեռ վաղ է»:
Տեր Ենոքի բնորոշմամբ՝ երիտասարդների մի մասը «չուզենալով» է բանակ գնում, եւ ծառայության ընթացքում որոշակի խնդիրներ են առաջանում. «Երբ երիտասարդը գաղափարի տեր է, գիտակցում է, որ զինվորական ծառայությունն իր տղամարդկային իրավունքն է, որը սիրով եւ հպարտությամբ պետք է անել»: Տեր հայրը նաեւ համոզմունք հայտնեց, որ հոգեւորականների՝ բանակում ծառայելու շնորհիվ զինվորը վստահում է վերջինիս, պատմում իր խնդիրների եւ անհանգստությունների մասին:
ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էլ իր հերթին նկատեց՝ Հայ առաքելական եկեղեցին ազգային է, բանակն ու եկեղեցին երբեւէ տարանջատ չեն եղել. «Մեր թեմը երկար տարիներ գործակցում է ՊՆ-ի հետ եւ «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրի ներքո իրականացնում մի շարք ծրագրեր ու միջոցառումներ»:
Հավելենք, որ միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը, «Նշխար» վոկալ համույթը, «Վարք Հայոց» երգի-պարի ազգագրական համույթը:
Միջոցառման ավարտին զինծառայողները պարգեւատրվեցին թեմի կողմից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ