Արծվիկի հաղթանակով ավարտվեց Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագիծը: Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով` Արծվիկն արժանացավ առավելագույն միավորների եւ հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ամենահայտնի երգի մրցույթում` «Եվրատեսիլ»-ում:
Եզրափակիչ փուլի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին` երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը (Ռուսաստան), կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ահարոնյանը (Ֆրանսիա), օպերային երգչուհի Անաիս Հեղոյանը (Միացյալ Թագավորություն), երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Ասատրյանը (Ավստրիա), ռեժիսոր-խորեոգրաֆ Արթուր Գուրունլյանը (Միացյալ Թագավորություն), երգչուհի Իսկուհի Աբալյանը (Բելառուս), ջազ-էթնո-փոփ երգչուհի Ռիտա Մովսեսյանը (Ավստրիա):
«Եվրատեսիլ-2017»-ը կկայանա Կիեւում, իսկ մինչ այդ մրցույթին մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: