«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, Հայկական ազգային կինոակադեմիան դեկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էին կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Ցուցադրվեց նաեւ ռեժիսորի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2015 թ դեկտեմբերի 25-ին:
«Վարդապետի լռությունը» նվիրված է Կոմիտասի հիշատակին, ֆիլմը նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» համատեղ ուժերով:
«Այսօր «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, Հայկական ազգային կինոակադեմիան, մշակույթի նախարարությունը տոնելու է տաղանդավոր կինոռեժիսորի, շատ լավ ընկերոջ ու շատ լավ մարդու, արտիստի ծննդյան 60-ամյակը… Երբ Ամերիկայում էի, տեսա, թե ինչպես են բոլորը խոսում են այն մասին, թե ինչպես է կոնգրեսական Ադամ Շիֆը մեծ մրցանակ հանձնել Վիգենին նրան դարձնելով հայ ազգի մշակութային դեսպանը ամբողջ աշխարհում: Դա մեծ պատիվ է հայ ազգի, Վիգենի եւ կինեմատոգրաֆի համար, որ ունենք այսպիսի դեսպան, որը կարող է ներկայացնել հայկական արվեստը եւ հայ մարդու տեսակը»,- նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ եւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նա Չալդրանյանին հանձնեց ակադեմիայի «Անահիտ» մրցանակը:
Կարդացեք նաև
Իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը Վիգեն Չալդրանյանին հանձնեց Փարաջանովյան թալեր, որը մինչ այդ շնորհվել է համաշխարհային կինոյի վարպետներին:
«Որպես կինոքննադատ` ես համարում եմ, որ ձեւավորվել եմ հայ կինոգործիչների այն սերնդի հետ, որ 80-ականներին ներխուժել է հայ կինո եւ բերել է նոր շունչ, թարմ օդ, նաեւ ձեւավորել է այն, ինչ կոչվում է նոր հայկական կինո, որը ձեւավորել է անկախ Հայաստանի կինոդիմագիծը: Այսօր դրա վառ ներկայացուցիչներն այստեղ կանգնած են, ու մենք նշում ենք կինոյի նվիրյալի եւ իմ բարեկամ Վիգեն Չալդրանյանի ծննդյան 60-ամյակը»,-նշեց Սուսաննա Հարությունյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ Չալդրանյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը:
Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ