Երեկ Չայկովսկու «Շչելկունչիկը» լսելու համար «Արամ Խաչատրյան» համերգասրահ շտապող հանդիսատեսին դեռ մուտքի անակնկալ էր սպասվում՝ յուրաքանչյուրին տալիս էին 3D ակնոց: Պարզվեց, որ «Շչելկունչիկի» համերգային կատարումը ոչ միայն սիրված հեքիաթ-բալետի համերգային կատարումն էր, այլեւ անիմացիոն պատկերների, էքսպրոմտ նկարչության եւ բալետային ներկայացումից տարբեր դրվագների 3D ներկայացում:
ՀՖՆ-ն, ինչպես միշտ, իր բարձունքի վրա էր, իսկ նորարական լուծումները ապահովել էին Սուքիաս եւ Անդրանիկ Թորոսյանները: Այս ձեւաչափը հայաստանյան բեմի համար նորություն էր, եւ դահլիճում ներկա հանդիսատեսի ջերմ ընդունելությունից դատելով՝ նորամուծությունը հաջողություն գրանցեց: Հատկապես գեղեցիկ էր բալետի ամենահայտնի կտորներից մեկի՝ «Ծաղիկների վալսի» հատվածը, երբ 3D էկրանի վերածված դահլիճում պարում էին ծաղիկները եւ Սուքիաս Թորոսյանի՝ Չայկովսկու չքնաղ երաժշտության ազդեցությունից ծնված հանպատրաստից պատկերները: Ինչպես Ծաղիկների վալսից, այնպես էլ՝ Դրաժե փերու պարից, «Պա դե դե»-ից եւ այլ հանրահայտ կտորներից հետո հանդիսատեսը, որի մեծ մասը երեխաներ էին, չէր կարողանում զսպել հիացմունքը եւ ծափահարություններով ընդհատում էր կատարումը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ պարային համարները, որոնք նույնպես 3D ձեւաչափով հայտնվում էին էկրանի վերածված դահլիճի ողջ տարածքում, կատարում էին Պարարվեստի պետուսումնարանի սաները՝ Հ. Դիվանյանի բեմականացմամբ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ