Այս յուրահատուկ արեւելյան, ավելի կոնկրետ՝ մարոկկոյան թխվածքը շատ հեշտ է պատրաստելը, այն շատ համեղ է եւ մի բաժակ սուրճի հետ իսկական վայելք է:
Անհրաժեշտ մթերքները
Ֆիլո խմորի պատրաստի շերտեր (փախլավայի համար նախատեսված բարակ խմորաշերտերն են, որոնք այժմ վաճառվում են երեւանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում)- 1 տուփ (500 գրամ)
Կրեմի համար
Կարդացեք նաև
200 գրամ նուշի ալյուր (կարող եք փոխարինել պարզապես աղացած նուշով)
200 գրամ կարագ կամ հալած յուղ
200 գրամ շաքարի փոշի
1 նարնջի կեղեւ
1թեյի գդալ աղացած դարչին
1 բուռ ոչ աղի, առանց կեղեւի պիստակ (պարտադիր չէ)
2 ձու
1 ճաշի գդալ ալյուր
2 ճաշի գդալ վարդաջուր (կարող եք գտնել արեւելյան համեմունքների խանութներում, ծայրահեղ դեպքում կարող եք փոխարինել նարնջի թարմ քամած հյութով)
Ինչպես նաեւ՝
Վարդի չորացրած թերթիկներ
2 ճաշի գդալ շաքարավազ
2-3 ճաշի գդալ հալած յուղ
1 ճաշի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Ֆիլո խմորները սովորաբար վաճառվում են սառեցված վիճակում: Նախապես ամբողջովին ապասառեցրեք:
Պատրաստեք կրեմը: Շաքարի փոշին, նուշի ալյուրը, սովորական ալյուրը, ձուն, վարդաջուրը, նարնջի քերած կեղեւը, դարչինը, կտրատած պիստակը լավ խառնեք: Քիչ-քիչ ավելացրեք փափուկ կարագը կամ հալած յուղը: Կրեմը պատրաստ է:
Լրիվ ապասառեցված ֆիլո խմորի շերտերը բացեք եւ իրար վրա «հենած» վիճակում շարեք սեղանի վրա՝ մոտ 2 մ երկարությամբ: Խմորի շերտերը պետք է մեկը մյուսին մի փոքր ծածկեն, որպեսզի բաց հատված չմնա:
Խմորի մի ծայրին՝ ողջ երկայնքով մեկ, գդալ-գդալ դրեք կրեմը: Մնացած մասի վրա հալած յուղ քսեք, վրան ցանեք վարդի չորացրած թերթիկներ, շաքարավազ: Սկսեք կրեմոտ եզրից խմորը փաթաթել:
Ստացվելու է 2մ երկարությամբ «օձ»: «Օձին» գալարեք ինքն իր շուրջը, եւ ստացված գալարը տեղավորեք խմորի տապակի մեջ: Վրան քսեք եւս մի քիչ յուղ, ցանեք վարդի թերթիկներ եւ դրեք նախապես 170-180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 45 րոպեով՝ մինչեւ լավ վարդագունելը:
Հանեք ջեռոցից, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:
Կարող եք մատուցել հարած սերուցքի կամ պաղպաղակի հետ: «Օձը» արտաքինից խրթխրթան, իսկ մեջը՝ նուրբ ու փափուկ, բերանում հալվող խմորեղեն է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ