Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ 19-րդ ամենամյա գիտաժողովը` նվիրված ԳՊՀ պատվավոր բարերար Ժիրայր Նիշանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին։
Գիտաժողովի մեկնարկին Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին և անդրադարձավ պարոն Նիշանյանի գործունեությանը՝ ԳՊՀ գիտական խորհրդի, բոլոր տարիների «Ժիրայր Նիշանյան» կրթաթոշակառուների և նրանց ծնողների, ինչպես նաև ողջ համալսարանական հանրույթի անունից շնորհակալություն հայտնելով բարերարին։
Գիտաժողովի լիագումար նիստին տիկին Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց զեկուցում «Մարդասիրությունը՝ որպես իրավունքի համընդհանուր սկզբունք» թեմայով։ Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին հումանիտար՝ իրավաբանական, փիլիսոփայական աստվածաբանական, պատմական, տնտեսագիտական, բանասիրական, մանկավարժական, հոգեբանական և բնագիտական՝ կենսաբանական, էկոլոգիական, աշխարհագրական, երկրաբանական, բնապահպանական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների մասնագիտական բաժանմունքներում և ենթաբաժանմունքներում։
Գիտաժողովին ներկայացված զեկուցումները կտպագրվեն «ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական՝ 19-րդ համարում: Նշենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչվում է որպես գիտական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի գիտական պարբերական:
Գիտաժողովի ավարտին տիկին Հակոբյանը բուհի գիտական խորհրդի որոշմամբ ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Լիպարիտի Կատվալյանին պարգևատրեց շնորհակալագրով՝ ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի կայացման ու զարգացման, երիտասարդ լեզվաբան ու գրականագետ մասնագետների պատրաստման գործում ունեցած անուրանալի վաստակի, ինչպես նաև արդյունավետ գիտահետազոտական գործունեության և բարբառագիտության զարգացման ոլորտում ներդրած մեծ ավանդի համար։
ԳՊՀ հանրության հետ կապերի և լրատվության բաժին