Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար. «2017-ին կատարելագործվելու են առկա ծրագրերի սուբսիդավորման մեխանիզմները` ի շահ ոլորտի, բիզնեսի և գյուղացու»

Դեկտեմբեր 24,2016 18:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները  և պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են իրականացվում` հստակեցնելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են գյուղոլորտի տարբեր ճյուղերի առաջընթացին:

Նախարարն ընդգծել է, որ այդ խնդիրների վերլուծության հիման վրա 2017 թվականին կատարելագործվելու են առկա ծրագրերի սուբսիդավորման մեխանիզմները` ի շահ ոլորտի, բիզնեսի և գյուղացու:

«Գյուղատնտեսության նախարարության ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ ստեղծել մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը», – նշել է Իգնատի Առաքելյանը:

Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին առնչվող հարցերի հետ   կապված  նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն տնտեսավարող սուբյեկտները դեռևս պատրաստ չեն ամբողջապես ապահովել պարարտանյութերի ներքին շուկայի պահանջարկը, ուստի այս պահին առավել նպատակահարմար է  միջանկյալ լուծում տալ խնդրին. կհայտարարվի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել:

Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տոհմային երինջների ներկրման հարցի շուրջ նախարարը նշել է, որ այս ճյուղի հետագա զարգացման նպատակով նախատեսվում է սահմանել չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբուծարանների համար, որպեսզի նրանք կարողանան տոհմաբուծությունը զարգացնել կովկասյան գորշի և այլ ցեղատեսակների միջոցով և իրենց վերարտադրած սերնդի տոհմային գյուղատնտեսական կենդանիները վաճառել ֆերմերներին, որի արժեքի մի մասը կսուբսիդավորվի պետության կողմից: Միաժամանակ նախարարը հավելել է, որ այս գործընթացը կլինի պետության խիստ վերահսկողության ներքո:

Նախարարի խոսքով, հաջորդ տարի շարունակվելու են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավությունը բարձրացնելու  նպատակով:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմանն ու վարկավորմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման անհրաժեշտությանը:

Նախարարն ընդգծել է, որ մեխանիզացիան այսօր շատ հնամաշ է, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ խնդրին լուծում տալ` առկա ֆինանսական միջոցները կուղղվեն սուբսիդավորելու կանխավճարները կամ վարկի տոկոսադրույքները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան բարձրակարգ մեխանիզացիա ձեռք բերել: Կա նաև մասնավոր ընկերություն, որը պատրաստ է իր վրա վերցնել  մեխանիզացիայի ներդրման համակարգի կառավարումը, և այս պահին վերջինիս հետ բանակցություններ են ընթանում:

Գյուղատնտեսության հոկտեմբեր ամսվա անկումը և նոյեմբերի աճը նախարարը բացատրել է տարվան բնորոշ բնակլիմայական պայմաններով. անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիներն այս տարի չեն կարողացել բերքը հավաքել հոկտեմբերին, և բերքահավաքը կատարել են նոյեմբեր ամսին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ունենանք անկում, իսկ նոյեմբերին ընդհակառակը` աճ արձանագրվի: Այս համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքները, որոնք երեկ արդեն պաշտոնապես հրապարակվեցին` հավելելով, որ ԱՎԾ-ի հետ համատեղ ցուցանիշները վերլուծվելու են, որպեսզի այդ ճշգրտումների հիման վրա մշակվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:

Վերջում անդրադառնալով տարեվերջյան ասուլիսը «Արմենիա վայն» ընկերությունում կազմակերպելու որոշմանը` նախարարը պարզաբանել է, որ ընկերությունը շատ կարևոր քայլ է կատարել մթերման առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նախապես  կնքվելու է շուրջ 700 տոննա խաղողի գնման պայմանագիր Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսությունների հետ, որում կֆիքսվի նաև մթերման մինիմալ գին: Սա հնարավորություն կտա գյուղացիներին ավելի բարենպաստ դաշտում աշխատել և վստահ լինել, որ իրենց արտադրած գյուղմթերքը կիրացվի, և մթերման սեզոնին խնդիրներ չեն լինի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031