Արդեն 10 տարի Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացի, «Հայուհի 2016» մրցանակին արժանացած Ֆլորա Անտոնյանը Նոյեմբերյան քաղաքի տարեցների համար տարեմուտից առաջ ամանորի ճաշկերույթ է կազմակերպում: Այդ միջոցառումը տեղի է ունենում Նոյեմբերյանի տարեցների ակումբում, որը տեղակայված է այն շենքում, որը 100 տարի առաջ կառուցել եւ համայնքին է նվիրել նոյեմբերյանցի բարեգործ Աբել Ամիրաղյանը:
2016թ. դեկտեմբերի 24-ին նոյեմբերյանցի տարեցներին ամանորի առիթով շնորհավորելու էին եկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Նոյեմբերյանի «Լուսածիր» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Զուրաբյանը: Մարզպետը, Նոյեմբերյանի քաղաքապետը տարեմուտի առիթով շնորհավորեցին նոյեմբերյանցի վետերաններին, մաղթեցին արեւշատություն, դրվատեցին տիկին Ֆլորա Անտոնյանի կատարած բարեգործությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ