Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլմա, խոզի բուդ, նրբաբլիթ՝ Ամանորի սեղանի նախընտրելի ուտեստներ. Հետազոտություն

Դեկտեմբեր 24,2016 16:44

«GALLUP international association»-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը դեկտեմբերի 24-ին «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց կազմակերպության հետազոտությունը, թե ինչպես են հայերը պատրաստվում տոներին: Հարցումը կատարվել է դեկտեմբեր ամսին Երեւանում, հարցմանը մասնակցել է 800 անձ:

Հարցին, թե որտեղ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին՝ հարցվածների 89 տոկոսը պատասխանել է. «քաղաքում՝ տանը», «երկրից դուրս» պատասխանել է 3 տոկոսը, «քաղաքում՝ բարեկամի տանը»` 3 տոկոսը, «ընկերոջ տանը»՝ 2 տոկոսը, «ռեստորանում, սրճարանում»՝ 2 տոկոսը, իսկ «քաղաքից դուրս»՝ 2 տոկոսը:

Մյուս հարցին, թե երբ են սկսում կատարել ամանորյա գնումները, քաղաքացիների երկու տոկոսը պատասխանել է «նոյեմբեր ամսին», «դեկտեմբերին»` 31 տոկոս, «վերջին 10 օրերին»՝ 59 տոկոսը, իսկ հարցվածների 8 տոկոսը նշել է, որ ամանորյա գնումներ չի կատարում:

Քաղաքացիներից հետաքրքրվել են նաեւ, թե որտեղից են պատրաստվում կատարել գնումները, 59 տոկոսը պատասխանել է՝ հարակից խանութներից, 47 տոկոսը՝ «Երեւան սիթի» սուպերմարկետներից, 27 տոկոսը՝ շուկաներից եւ նաեւ նշել են այլ շուկաներից: Արամ Նավասարդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այստեղ հարցվածները հնարավորություն են ունեցել պատասխանել մեկից ավելի հարցերի, այդ պատճառով էլ թվերի գումարն անցնում է 100 տոկոսը:

Հարցին, թե ինչ եք պատրաստվում նվիրել, քաղաքացիների 7 տոկոսը պատասխանել է՝ սմարթֆոն: Արամ Նավասարդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարցվածների 14 տոկոսն է ակնկալում, որ իրեն սմարթֆոն կամ հեռախոս կնվիրեն: 36 տոկոսը նշել է, որ որպես նվեր գնելու է հագուստ կամ կոշիկ, սակայն 15 տոկոսն է սպասում, որ իրեն հագուստ կամ կոշիկ կնվիրեն: Քաղաքացիների 21 տոկոսն է աքսեսուարներ պատրաստվում նվիրել, սակայն 9 տոկոսն է ակնկալում, որ աքսեսուար նվեր կստանա: Հարցվածների 9 տոկոսը պատրաստվում է գիրք նվիրել եւ 6 տոկոսն է ակնկալում որպես նվեր գիրք ստանալ: 28 տոկոսը պատրաստվում է հուշանվերներ նվիրել, սակայն 9 տոկոսն է ցանկանում նվեր ստանալ հուշանվեր: Հարցվածների 41 տոկոսը նախատեսում է նաեւ խաղալիքներ նվիրել եւ 1 տոկոսն է ակնկալում նվեր խաղալիք ստանալ: Հարցվածների  9 տոկոսը ակնկալում է ավտոմեքենա ստանալ, 5 տոկոսը՝ գումար, 1 տոկոսը՝ բնակարան, 5 տոկոսը՝ կենցաղային տեխնիկա:

Կազմակերպությունը հետաքրքրվել է նաեւ, թե քաղաքացիները ինչ են պատրաստելու ամանորի սեղանի համար, հարցվածների 66 տոկոսը պատասխանել է դոլմա, 57 տոկոսը՝ խոզի բուդ, 56 տոկոսը՝ նրբաբլիթ, 20 տոկոս՝ քուֆթա, 19 տոկոս՝ հնդկահավ, 13 տոկոս՝ ձուկ, 7 տոկոս՝ խորոված:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031