«Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսն ընդդիմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ հասարակությունը բոլորին ճանաչում է, եւ պետք է հենց հասարակությունը տեսնի քաղաքական ուժերին եւ տա իր գնահատականը: Հարցին, թե առաջին խորհրդարանական ընտրություններում ինչպես է գնահատում Հայկական վերածնունդ կուսակցության շահերը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց՝ փայլուն. «Մենք մշտապես քաղաքական տարբեր բանակցային գործընթացների ենք տարբեր քաղաքական ուժերի հետ: Մեզ համար կարեւոր է, որ իսկապես առաջիկա համապետական ընտրություններին հնարավորինս լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Դա կարող է լինել մեկ քաղաքական կոնսոլիդացիա, կարող է ինչ-որ բեւեռներ լինեն, բայց մենք դրա հաստատուն կողմնակիցն ենք»:
Հարցին, թե Հայկական վերածնունդ կուսակցությունը առանց դաշինքների է մասնակցելո՞ւ խորհրդարանական ընտրություններին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մենք քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք տարբեր քաղաքական կառույցների հետ: Ձեւաչափի առումով վերջնական որոշումներ չունենք: Բայց Հայկական վերածնունդը ինքն արդեն բովանդակության մեջ իրենից ներկայացնում է մի յուրօրինակ դաշինք կամ հասարակական քաղաքական ուժերի միավորում: Բայց մեր դուռը բաց է առողջ համագործակցության համար, եւ դեռեւս ժամանակ կա եւ այդ քաղաքական կոնսուլտացիաները տարբեր ձեւաչափերով այսօր ընթացքի մեջ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին, նա պատասխանեց. «Դա իրենց իրավունքն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ